«Վերջապես կատարվեց Նիկոլ Փաշինյանի երազանքը, որի մասին խոսում էին 2008թ. Հայաստանը վերածվեց ավազակապետության». Ավետիք Իշխանյան
Օրեր շարունակ արդեն՝ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, հայ հասարակությունը պահանջում է այդ փաստաթուղթը ստորագրած անձի հրաժարականը:
Եվ մինչ բոլորս մտածում ենք՝ ինչպես հաղթահարել համազգային ցավն ու ամոթը, հայտարարություն է տարածում քաղաքացիական հասարակությունը։
Հայտարարության իմաստը եթե մեկ նախադասությամբ ներկայացնենք, կայանում է Նիկոլ Փաշինյանին սատարելու մեջ:
«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը…
Որոշ քաղաքական ուժեր, ակնհայտորեն օգտագործում են հասարակության հոգեբանական վիճակը՝ իշխանության զավթման համար հող նախապատրաստելու նպատակով։ Այս պարագայում կարևոր է չկորցնել զգոնությունը, քաջ գիտակցել, թե ինչ հետագիծ ունեն այս պահին ակտիվություն ցուցաբերող տարբեր կուսակցությունները և անձինք։ Ուշագրավ է, որ վերջիններս հայտարարում են, թե այնուամենայնիվ հնարավոր է հետ կանգնել ստորագրված եռակողմ հայտարարությունից և շրջել իրավիճակը, սակայն չեն առաջարկում որևէ առարկայական այլընտրանքային լուծում կամ բերում քիչ թե շատ ռացիոնալ փաստարկներ։
Հասարակությունը աներկբա իրավունք ունի բողոքի ձայն բարձրացնելու, իշխանությանը պատասխանատվության կանչելու, արդարացի պահանջներ ներկայացնելու, սակայն դա պետք է արվի բացառապես ՀՀ Սահմանադրության և օրինականության շրջանակներում։ Ցանկացած իշխանափոխություն Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ միմիայն սահմանադրական կարգով, ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Այս փուլում երկիրն ապակայունացնելու և հեղաշրջման ուղիով տանելու ամեն փորձ կարող է վտանգել մեր երկրի անվտանգությունը, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության բուն գոյությունը»,- մասնավորապես նշված էր քաղհասարակության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության տակ դրված է 22 ստորագրություն՝ կազմակերպություններ և անձինք։
Թեմայի շուրջ զրուցեցինք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ՝ նրան նախ հարցնելով, թե ինչու չի միացել այս հայտարարությանը:
«Ես ենթադրում եմ, որ քաղհասարակությունը հետևյալ թեզերով հայտարարությամբ պետք է հանդես գար, և այդ դեպքում ես հաճույքով կմիանայի այդ հայտարարությանը:
Սիրելի հայրենակիցներ,
– Տեղի է ունեցել մեծ ողբերգություն: Մենք կորցրել ենք մեր հայրենիքը՝ կորցրել ենք Արցախը, և այդ կորուստն անդառնալի է: Մենք գործ ունենք կամ ապիկար կառավարման, կամ մեծ դավադրության հետ։ Այդ ամենի պատասխանատուն՝ գործող իշխանությունները, պետք է հեռանան ու կանգնեն դատարանի առջև: Ո՞վ է թույլ տվել նրանց գաղտագողի, առանց հանրության հետ քննարկելու՝ այսպիսի ստորացուցիչ փաստաթուղթ ստորագրել:
Հրաժարականից հետո նոր եկած իշխանությունները պետք է փորձեն հնարավորինս շտկել իրավիճակը՝ ներկայացնելով հստակ, անցումային ծրագիր և արտահերթ ընտրությունների հստակ ժամկետ։
– Կոչ ենք անում նաև մեր հայրենակիցներին, որ այս ծանր օրերին հնարավորինս պահեն սթափությունը և բռնություններ չիրականացնեն: Եվ մենք դատապարտում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված բռնությունները, ինչպես նաև Բաց հասարակությունների հիմնադրամի գրասենյակի և «Ազատություն» ռադիոկայանի դեմ կատարված հարձակումները:
– Միաժամանակ կոչ ենք անում իշխանություններին, հատկապես իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումներից, կալանավորումներից և բռնություններից՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ»:
Ավետիք Իշխանյանի խոսքով՝ այս համատեքստը միանգամայն համահունչ կլիներ քաղհասարակության հայտարարությանը:
«Բայց երբ մենք նայում ենք քաղհասարակության՝ հրապարակված հայտարարությանը, այնտեղ կարդում ենք, որ ցավ ու ցասում կա, բայց որոնք են դրանք, պարզ չի ասված: Գրված է՝ «բոլորիս պատած վիշտը»: Ո՞րն է վիշտը, զոհե՞րն են միայն, թե՞ նաև ամեն ինչի կորուստը: Թե՞ իրենց սիրելի իշխանության վարկանիշի անկումը: Ես գնահատականը չեմ հասկանում»,- նկատեց իրավապաշտպանը:
«Ինչ վերաբերում է սահմանադրական ճանապարհով փոփոխություններին, այո, հրաժարականը պետք է լինի սահմանադրական ճանապարհով, բայց ինչո՞ւ 2018թ. նույն պահանջը չդրվեց: Թե՞ նախկիններին կարելի էր թույլ չտալ սահմանադրական ճանապարհով հեռացնել իշխանությունից, բայց նորերին՝ միայն սահմանադրական ճանապարհով է պետք հեռացնել: Ի վերջո, այդ նույն Սահմանադրությունն էր գործում և այն ժամանակ, և հիմա։ Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի քան մեկ տարի հակասահմանադրական, բռնի մեթոդներով ոչնչացնում էր Սահմանադրական դատարանը։ Իսկ նույն այս քաղհասարակության ներկայացուցիչները լավագույն դեպքում լռում էին, իսկ շատերը ողջունում Սահմանադրության բռնաբարումը։
Եթե ամփոփենք, հայտարարությունը ստորագրած քաղհասարակության ներկայացուցիչները, չնայած հայտարարում են, որ իրենք ապաքաղաքական են և չեն սատարում որևէ քաղաքական ուժի, իրականում, հայտարարության ողջ տեքստով պաշտպանում են գործող իշխանությանն ու դրանով իսկ ողջունում Արցախի, հետագայում ՝ Սյունիքի կորուստը»,- նշեց իրավապաշտպանը:
Ավետիք Իշխանյանին խնդրեցինք նաև մեկնաբանել Հանրապետության հրապարակի մեծ էկրանով հեռարձակված տեսանյութը, որի ընթացքում ատելության խոսք և բռնության կոչեր էին հնչում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին:
«Վերջապես կատարվեց Նիկոլ Փաշինյանի երազանքը, որի մասին խոսում էին 2008թ. Հայաստանը վերածվեց ավազակապետության: Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստեղծել բռնապետություն՝ հենված ուժային կառույցների և դատարանների վրա։ Այս կառույցները, հատկապես կապիտուլյացիայից հետո, վարչապետի համար վստահելի չեն։ Այդ են վկայում նախկին ոստիկանապետի, նախկին ԱԱԾ պետի խոսքերը։ Այլևս չվստահելով ուժայիններին՝ ավազակախմբեր է ստեղծել և երկիրը վերածում է ավազակապետության։ …Ի դեպ, կարծեմ այս երևույթը նույնպես քննադատության չի արժանացել քաղհասարակության կողմից»,- ասաց Ավետիք Իշխանյանը: