«Անձի խնդիր չէ, սա հայրենիքի խնդիր է, սա մեր պատմության ամենաամոթալի օրերն են». Նաիրա Զոհրաբյան

«Զարհուրելի է տեսնել, թե ինչպես է կատաղի ճիգերով մարդը փորձում  պահել իշխանությունը, մարդ, ով ծնկի է բերել Արցախը, մատաղ է արել թուրքերին, Շուշին ուղղակի հանձնել է թուրքերին։ Ասում է՝ համախմբվեք իմ շուրջ։ Արցախի նախագահն էլ հայտարարում է, որ՝ եթե դավաճան ենք, ապա դավաճան ենք ազգովի։ Արայիկ Հարությունյան, չհամարձակվես դավաճան համարել այն 18 տարեկան տղային, ով մահվան սարսափն աչքերին՝ կանգնած էր թուրքական բայրաքթարների առաջ»,- Մատենադարանում մեկնարկած  «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ գործողությունների կդիմի իշխանությունը իրենց ձերբակալելու և սեփական իշխանությունը պահելու համար, միևնույն է՝ վարչապետը չի մնալու, պետք է հրաժարական ներկայացնի։

Նա նաև հայտարարեց, որ այսօր առավոտյան Շուշիիում նամազ է հնչել, և այսքանից հետո դեռ վարչապետը հայտարարում է, որ պետք է իր շուրջը համախմբվեն։

«Սա անձի խնդիր չէ, սա հայրենիքի խնդիր է, սա մեր պատմության ամենաամոթալի օրերն են»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս