12-ամսյա գնաճը՝ 3.4%
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հոկտեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 3.4%։ Այդ թվում՝ սպառման ապրանքները թանկացել են 3.9 %-ով, պարենային ապրանքները՝ 3.3, ոչ պարենային ապրանքները՝ 5.7, ծառայությունները՝ 2.3 %-ով։
ԱՎԾ-ն առավել մանրամասն անդրադառնում է նաև ամսական կտրվածքով ցուցանիշին (տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա համեմատ) և տարվա սկզբի հետ համեմատականներին։ Ըստ ԱՎԾ զեկույցի, 2012թ. հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորված է կենդանական և բուսական յուղերի, հացամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 2.5-9% գնաճով: Ծառայությունների ոլորտում 2012թ. հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.2% հավելաճ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է կրթության համակարգի`0.1%, բնակարանային-կոմունալ`0.2%, իրավական ու բանկային` 0.2%, մշակույթի ոլորտի`0.6%, հանգստի կազմակերպման` 0.8%, հանրային սննդի` 0.8%, տրանսպորտի`0.9%, կենցաղային բնույթի`1.0% ծառայությունների սակագների հավելաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2012թ. հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.3% հավելաճ, իսկ մեկում ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0. 1%-ով: