Չինաստանի ԱԳՆ-ում հուսով են, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կհամագործակցի Պեկինի հետ
Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո կհամագործակցի Պեկինի հետ եւ կպահպանի փոխադարձ հարգանքի սկզբունքները: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը:
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը, նոր նախագահը կընդառաջեն Չինաստանին, կպահպանեն չառճակատվելու, փոխադարձ հարգանքի, փախշահավետ համագործակցության սկզբունքները… Մեզ հարկավոր է համագործակցություն, մենք մեծ տարածություն ունենք համագործակցության համար, մենք տարաձայնություններ ունենք, բայց դրանք պետք է կարգավորել եւ վերահսկել, աջակցել այն բանին, որպեսզի չին-ամերիկյան հարաբերությունները զարգանան ճիշտ ուղղությամբ»,-ճեպազրույցում հայտարարել է Լյու Յույչենը:
Նա նաեւ հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն հաջողությամբ, հավելելով, որ ձայների հաշվումը դեռեւս շարունակվում է:
«Մեր դիրքորոշումը չին-ամերիկյան հարաբերությունների նկատմամբ հստակ է եւ հետեւողական: Մենք կարծում ենք, որ, չնայած առկա որոշակի հակասություններին ու տարաձայնություններին, մենք ունենք ընդհանուր շահերի լայն շրջանակ»,-հավելել է չին դիվանագետը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են երկրի նախագահի ընտրությունները. պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջո Բայդենը: Քվեարկության արդյունքները մի շարք նահանգներում դեռ հայտնի չեն:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը լույս նոյեմբերի 4-ի գիշերը հայտարարել է իր հաղթանակի մասին եւ դեմոկրատներին մեղադրել «ընտրությունները գողանալու» մեջ: Գործող նախագահի նախընտրական շտաբը մտադիր է պահանջել ձայների վերահաշվարկ: Դրա հետ մեկտեղ, ամերիկյան առաջատար հեռուստաալիքների տվյալներով, առաջատարը դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենն է, վերջնական հաղթանակի համար նրան հարկավոր է ստանալ վեց քվեատուի ձայն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: