Նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին
ՀՀ փոխվարչապետ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. ինն ամսվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանը, մասնավորապես, անդրադարձել է ՊՈԱԿ-ի կողմից հարկային պարտավորությունների կատարմանը: Արձանագրվել է, որ գործընթացում նկատվել են թերություններ, որոնք պետք է վերացվեն: Փոխվարչապետը ՊՈԱԿ-ի ղեկավարին առաջարկել է պատասխանատվության ենթարկել այն աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները:
Անդրադարձ է եղել նաև Սևանա լճի ափամերձ տարածքների հանրային լողափեր այցելությունների արդյունքներին: Արձանագրվել է, որ թեև տասնմեկ նման լողափ է գործում, սակայն առկա է մեծ պահանջարկ, և քննարկվել է առաջիկա տարիներին դրանց թիվն ավելացնելու հնարավորությունը:
Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անտառահատումների վերաբերյալ: Նշվել է, որ ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում խնդիրներ են բացահայտվել, որոնց հետ կապված նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին:
Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների առնչությամբ նշվել է, որ մրցույթը նոր ընկերություն է շահել, որն արդեն ձեռնամուխ է եղել պարտավորությունների կատարմանը: