«Ես լիահույս եմ, որ բնաջնջման վտանգի առաջ կանգնած հանրությունը կհասկանա՝ դրա ժամանակը չէ». Ավետ Բարսեղյան
«Շուշան Պետրոսյանը կենսագրություն ունեցող երգչուհի է, և նոր չէ, որ Արցախի մասին երգում է, նոր չէ, որ ներկայացնում է Հայաստանի ցավը, հաղթանակը, ուժը, անկումն ու վերելքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց հայտնի հաղորդավար, երգահան, «Անունս Արցախ է» երգի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը:
Պատերազմը, ըստ նրա՝ ճարահատյալ, օրհասական առիթ է՝ վերջապես կոնսոլիդացվելու. «Թվացյալ և ձևական կոնսոլիդացիա չէ՝ իսկապես, հայը հային սիրի: Քառօրյայի ժամանակ էլ տեսանք այդ կոնսոլիդացիան, հետո էլի սկսեցինք «ուտել» իրար: Երևի թե այս դժբախտությունն օգտագործենք՝ երկաթանալու, բյուրեղանալու»:
Ավետ Բարսեղյանի խոսքով՝ թիկունքի ամրությունն այս պահին շատ կարևոր է. «Ես հասկանում եմ՝ մեկ ամսից ավելի է անցել, և հուսահատության նոտաներ կան, հոգնածություն, անգամ բթացում կա, որովհետև յուրաքանչյուրս արթնանում ենք այդ ամենի մեջ և քնում ենք, իսկ մարդու հոգեբանությունն էլ այնպիսին է, որ բթացում է գնում և ապատիա է գալիս: Այդ առումով ոչ թե ուրախ-զվարթ, այլ ուժեղ և հավատքով լինելը կօգնի մեզ»:
Հետաքրքրվեցինք՝ բազմաթիվ սիրված հայրենասիրական երգերի խոսքերի հեղինակ է, ստեղծագործական առումով արդյո՞ք հեշտ են տրվում այդ երգերի խոսքերը:
««Կյանք ու կռիվ» երգը գրվել էր քառօրյայից առաջ, «Ապրելու ապրիլի» ցավը պարզ էր, բայց որ վանքը կքանդվի, ու մենք կշարունակենք աղոթել (նկատի ունի Շուշիի Ղազանչեցող եկեղեցու ռմբակոծումը.- Ռ.Մ.)… երևի թե յուրաքանչյուր գրող ժամանակից առաջ է ընկնում, բայց ես հեչ չէի ուզենա սև ագռավը լինել այդ առումով: Գրվում է էմոցիայով, որովհետև ավելի լավ է հազար հատ սիրո երգեր գրել… հայրենիքին անդրադարձում միշտ կա ցավը, հատկապես այս օրերին, որովհետև վերապրում ես, ապրում ես»,- ի պատասխան՝ ասաց նա:
Անդրադառնալով «Արցախի ձայներ»-ի «Ձայնը Արցախի» երգի տեսահոլովակի քննադատություններին, որոնց արդյունքում երգը հեռացվեց Youtube-ից, նա նշեց, որ սկզբում ուղղորդված հարձակում էր գնում, որին հետևում է ոչ ամուր հոգեբանություն ունեցող մարդկանց՝ հոսանքին տրվելը. «Կարծում եմ՝ ֆեյքերը վրա են տալիս, հետո մի փոքր անկայուններն էլ միանում են այդ ամենին, որովհետև դա հոտային հոգեբանություն է՝ ընկածին ոտքով հարվածելը: Ինձ համար դա տարօրինակ էր. թողնել այդ ամենը և տեսահոլովակի հետևից ընկնելը մի քիչ ծիծաղելի է, չեմ հասկանում՝ դրա ժամանա՞կն է արդյոք: Ներկայացված է տեսահոլովակ, ներկայացված է երգ, որը շատ վաղուց է գրվել Արթուր Գրիգորյանի և Գրիգոր Կյոկչյանի կողմից: Ինձ համար այդ տեսահոլովակի հետ կապված պատմությունը ահազանգ էր. որ ասում եմ՝ կոնսոլիդացիան իսկական պետք է լինի, այ, ինձ համար ամենավախենալու փաստերից մեկը, բացի մեր երեխեքի գնալուց և հավերժանալուց, ապրումներից զատ, ունեմ ևս տագնապալի ապրում, երբ տեսահոլովակը կարող է հասնել այդ ամենին: Այդ տեսահոլովակը բացարձակ պառակտող չէր: Այս երկիրը չի սկսվում 2018 թվականից, այս երկիրն ունի կենսագրություն, որին պետք է անդրադառնալ. այդ ամենն ինձ համար երբեմն ավելի տագնապալի է»:
Դիտարկմանը՝ տեսահոլովակը քննադատողներն էլ ասում էին, թե հենց տեսահոլովակն է պառակտող, նա այսպես արձագանքեց. «Հասկանում եմ, երևի տարօրինակ էր չտեսնել նաև այսօրվա իշխանությանը, իրենց էլ եմ փորձում հասկանալ, բայց արվել է մի բան, որ հաստատ այդ աղմուկին չպետք է արժանանար»:
Հարցին՝ իր որոշ երգերի հետ կապված էլ էին ժամանակին աղմուկ բարձրացնում, հիմա գոնե իր առումով իրավիճակը փոխվե՞լ է, նա պատասխանեց. «Ինչ-որ տարիքից սկսած ես և՛ սերը, և՛ ատելությունը փաթեթավորել և մի կողմ եմ դրել, որովհետև դրա ժամանակը չէ, հատկապես՝ այս օրերին: Բնականաբար, ծանր ես տանում, երբ ապրում ես մարդկանց միջավայրում, որտեղ կարող են մտովի երեխայիդ կտրտել, թեպետ ոչ ոք չի համարձակվել փողոցում մոտենալ և երեսիս դա ասել: Թե ինչ մեխանիզմներով բացեցին այդ վայրահաչությունը, ես զարմանում եմ: Իմ անձի հանդեպ դա կար, հիմա քչացել է, թե շատացել, ես չեմ հետևում»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ նույնիսկ այս պատերա՞զմը չվերացրեց ատելության մթնոլորտը, նա պատասխանեց. «Ես լիահույս եմ, որ կվերացնի, ես լիահույս եմ, որ բնաջնջման վտանգի առաջ կանգնած հանրությունը կհասկանա, որ սա այդ ժամանակը չէ, սա այդ վիճակը չէ»:
Նա ընդգծեց, որ թիկունքում հիմա սեր և առողջ հոգեբանություն է պետք. «Ես հասկանում եմ, որ այստեղ հիմա ունենք մեղավորության զգացում. սուպերմարկետում մի հաց ես գնում, արդեն մեծ հանգանակություններ արած կամ չարած, արդեն քեզ վատ ես զգում, ոնց որ հանցագործ լինես, որ երկու տարի քեզնից փոքր երեխեն սահմանին զոհվել է: Այդ զգացողությունները պետք է վերածվի պատասխանատվության՝ ապրելու, արժանավայել ապրելու, վայրահաչից զուրկ ապրելու և սիրով ապրելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում