Բաժիններ՝

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նոր բաժնետեր ունի

Այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կանոնադրական կապիտալում մասնակցության մասնաբաժնի փոփոխության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը, որին ներկա էին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի  խորհրդի և վարչության նախագահները, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Վալերիու Ռազլոգը և  մի շարք հյուրեր:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը  և  INCOFIN INVESTMENT MANAGEMENT  կազմակերպության Rural Impulse Fund II-ը (RIF II) ստորագրեցին պայմանագիր, ըստ որի, բելգիական ընկերությունը ձեռք է բերում բանկի 10% բաժնետոմսերը:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ-ն իր գործունեության ընթացքում մշտապես նպաստել է հայաստանյան բանկային համակարգի տարածմանն ու զարգացմանը, և, որպես ֆինանսական կառույց, վայելում է մեր վստահությունը»,- իր խոսքում նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ  ողջունելով մասնակիցներին՝  ընդգծեց, որ նմանատիպ քայլը կարևոր է մեր տնտեսության համար: «Ոչ միայն բանկի համար է հստակ զարգացման ուղղվածություն ձեռք բերել այս քայլի իրականացումը,այլ նաև ամբողջ տնտեսության և բանկային համակարգի զարգացման համար»,- ասաց Տ.Դավթյանը:

Ըստ բանախոսների՝ միջազգային կազմակերպության մասնակցությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կապիտալում թույլ կտա բանկին ամրապնդել հայկական ֆինանսական շուկայում իր դիրքերը՝ առաջարկելով վարկավորման նոր գործիքներ, բանկային նոր ծառայություններ, որոնք հիմնված կլինեն միջազգային բանկային փորձի ժամանակակից չափորոշիչների վրա, ինչպես նաև ակտիվացնել վարկավորումը գյուղատնտեսության ոլորտում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ այս համագործակցությունը կնպաստի բանկի զարգացմանը և կկրի երկարաժամկետ բնույթ: «Ութ տարի է, ինչ մեր բանկը հիմնադրվել է։  Այն ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը փակ բաժնետիրական ընկերություն էր, և 100% բաժնետոմսերի միակ տերը ես էի: Այն ժամանակ ես չէի մտածում, որ այսպիսի զարգացում տեղի կունենա 7-8 տարի անց: Երբ ես առաջին անգամ հրավիրեցի Աշոտ Օսիպյանին բանկի  կառավարման խորհուրդ, մենք ամրապնդեցինք մեր դիրքերը և ԿԲ-ի  կորպորատիվ կառավարման սկզբունքը, վերացավ նաև ՓԲԸ հասկացողությունը բանկային համակարգում: Առաջին քայլն այդ ճանապարհին Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի հետ համագործակցությունն էր, սա  երկրորդ քայլն է, որի կապակցությամբ շնորհավորում եմ մեզ բոլորիս»,- նշեց Բ.Բեգլարյանը:

Ըստ Բեգլարյանի, այսօր կորպորատիվ կառավարումը բարձր է գնահատվում և, ըստ էության, բանկային համակարգի կառավարումը չպետք է իրականացվի մեկ մարդու կողմից, ինչն էլ ապացուցում է բանկի կողմից իրականացվող քայլերը:

Incofin Investment Management-ի կողմից պայմանագիրը ստորագրեց Ներդրումների գծով գլխավոր պատասխանատու պարոն Գիրթ Պետերմանսը: Նա ներկայացնելով իրենց գործունեությունը՝ նշեց, որ  Incofin IM-ը (www.incofin.com) կառավարում է այն ներդրումային հիմնադրամները, որոնք շեշտը դնում են բալանսավորված սոցիալական և ֆինանսական արդյունքների վրա: Incofin IM-ի կողմից կառավարվող Rural Impulse Fund հիմնադրամը 120 միլիոն եվրո արժողությամբ հիմնադրամ է, որը ներդրումներ է անում միկրոֆինանսական հաստատություններում: Հիմնադրամի հիմնական նպատակն է՝ հասու լինել այն մարդկանց համար, ովքեր ապրում են ավելի մեկուսի գյուղական վայրերում և ակտիվ են գյուղատնտեսական ոլորտում: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ընտրությունը պայմանավորված է  այն մեծ հեղինակությամբ, որ բանկը վայելում է միջազգային ֆինանսական կառույցների շրջանում և ունի արհեստավարժ մենենջմենթ»,- ասաց պարոն  Պետերմանսը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն էլ նշեց, որ նոր գործարքը բխում է բանկի որդեգրած ռազմավարությունից` ունենալ ինստիտուցիոնալ բաժնետերեր։ « Վերջին 4 տարիների ընթացքում մենք ներդրել ենք նորագույն գործիքներ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա»,- ասաց Օսիպյանը՝ ավելացնելով, որ նոր բաժնետիրոջ մուտքը թույլ կտա ավելացնել վարկավորման գործիքակազմը, ինչպես նաև` միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցել:

Մեր այն հարցին, թե գործնականում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի այս համագործակցությունն ինչ ազդեցություն կունենա բանկի գործունեության վրա, բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը պատասխանեց. «Ինչպես նշվեց, յուրաքանչյուր համագործակցություն դրական էֆեկտ է ունենում ցանկացած տեսակի գործունեության վրա: Կառավարման մեջ փոփոխության ենթարկվեց այն, որ Incofin Investment-ը կունենա մեկ տեղ բանկի խորհրդում: Incofin investment-ը մեծ փորձառություն ունի միկրոֆինանսավորման, գյուղատնտեսության վարկավորման ոլորտում: ես ակնկալում եմ երկարաժամկետ համագործակցություն, որից կշահեն նաև մեր  օգտատերերը»,- ասաց Օսիպյանը:

Ավելացնենք, որ ունենալով գրասենյակներ Բելգիայում, Կոլումբիայում և Հնդկաստանում` Incofin IM ընկերությունն ավելի քան 40 երկրներում ֆինանսավորում և աջակցում է կազմակերպություններին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս