Ներկայացվել է դատահոգեբուժական միջնորդություն նշանակելու միջնորդություն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ճանաչել է բանդիտիզմի գործով ամբաստանյալների պաշտպանների լիազորությունները:
Այսպիսով, փաստաբան Հովիկ Արսենյանը պաշտպանում է ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին, փաստաբաններ Յուրա Ալոյանը և Էդուարդ Աղաջանյանը՝ ամբաստանյալ Քյարամ Ամոյանին, փաստաբան Վաչագան Քոսյանը՝ ամբաստանյալ Արման Դալլաքյանին, փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, փաստաբան Կարեն Հակոբյանը՝ Սամվել Դավթյանին, փաստաբան Ռաֆիկ Սարդարյանը՝ ամբաստանյալ Արթուր Մանուկյանին: Մեղադրանքը պաշտպանում է մեղադրող Ջոն Ֆարխոյանը:
Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդություններն ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի, Արման Դալլաքյանի՝ հարազատների հետ տեսակցությունների ու հեռախոսազանգերի սահմանափակումները վերացնելու մասին: Դատարանը բավարարեց Հ. Արսենյանի միջնորդությունը իր պաշտպանյալ Ա. Հակոբյանի բջջային և բնակարանի հեռախոսահամարների մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերծանումները հեռախոսային օպերատորներից պահանջելու մասին:
Պաշտպան Հ. Արսենյանի միջնորդության հիման վրա որոշում է կայացվել նախաքննության ընթացքում իր անմեղության և այլուրեքության մասին Ա. Հակոբյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-բողոքները կցել գործին:
Ըստ պաշտպան Արսենյանի, գործում չկան փաստական տվյալներ առ այն, որ իր պաշտպանյալը ստեղծել և ղեկավարել է բանդա, ուստի միջնորդեց ոստիկանությունից պահանջել այդ փաստական տվյալները: Դատարանը մերժեց միջնորդությունները՝ ապացույցները կհետազոտվեն և կգնահատվեն դատարանի կողմից դատաքննության ընթացքում: Դատարանը մերժեց նաև պաշտպանի միջնորդությունը՝ պարզելու, թե ինչի կապակցությամբ է իր պաշտպանյալը հայտնվել օպերատիվ-հետախուզական մարմինների տեսադաշտում՝ օպերատիվ աշխատողների աշխատանքը գաղտնի է, և դատարանը նրանցից տվյալներ պահանջելու լիազորություն չունի:
Փաստաբան Կարեն Հակոբյանը միջնորդել է իր պաշտպանյալ Սամվել Դավթյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք: Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Նախաքննության տվյալներով մասնավորապես` Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել են Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:
Բացի այդ՝ կատարված խուզարկությունների արդյունքում Ա. Հակոբյանի և Դ. Գալստյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի, իսկ Ս. Դավթյանի և Ա. Դալլաքյանի մոտ՝ ափիոն տեսակի թմրամիջոց:
Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:
Հանցագործությանը մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: