Նախարարները «վերահաստատեցին իրենց վճռականությունը»

«Ազատություն» ռ/կ փոխանցմամբ` շաբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարեւորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները և համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:

Սա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելուց ի վեր։ Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, Նալբանդյանը և Մամեդյարովը առանձին հանդիպումներ էին ունեցել համանախագահների հետ։

Տեսանյութեր

Լրահոս