Ֆրանսիայի կառավարությունը նոր հարձակումների հավանականությունը կանխարգելելու միջոցներ է ձեռնարկում
Ֆրանսիայի կառավարությունն ազգային անվտանգության ահազանգման համակարգը («Վիժիպիրատ» հակաահաբեկչական ծրագիրը) բերել է «արտակարգ հարձակման» ռեժիմի ամբողջ երկրում: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է վարչապետ Ժան Կաստեկսը: «Նախագահ Մակրոնը վաղն առավոտյան Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել»,- գրել է նա:
«Արտակարգ հարձակման» ռեժիմը համապատասխանում է ճգնաժամային իրավիճակին, երբ պետական ծառայությունները կարծում են, որ կարճաժամկետ հեռանկարում բարձր է նոր հարձակումների հավանականությունը:
Հոկտեմբերի 29-ին Նիցցա քաղաքում անհայտ անձը հարձակվել էր Նոտր Դամ բազիլիկ եկեղեցու վրա, սպանել երեք հոգու, որոնցից մեկին՝ գլխատել: Կան վիրավորներ: Հանցագործություն կատարած անձը ևս վիրավոր է, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան: Նիցցայի քաղաքապետը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: «Նիցցան ու մեր երկիրն ընդհանրապես շատ մեծ գին են վճարում վերջին տարիներին: Ես միասնության կոչ եմ անում Նիցցայի բոլոր բնակիչներին», – գրել է Քրիստիան Էստրոզին «Թվիթերում»: