Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Ղարաբաղի բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել Ադրբեջանի զորքը. ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից
Ռազմական փորձագետ, ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովի դիտարկմամբ, Երևանն ունի բավարար հիմքեր ադրբեջանական գրոհները զսպելու նպատակով ՀԱՊԿ դաշնակիցներից օգնություն խնդրելու համար, փոխանցում է Argumenti.ru-ն:
Սիվկովը նշել է, որ Հայաստանին աջակցություն ստանալ թույլ է տալիս Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ կետը:
Փորձագետի խոսքով՝ հակամարտությանը Մոսկվայի միջամտության դեպքում ՌԴ օդատիեզերական ուժերը ղարաբաղյան բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել Ադրբեջանի զինված ուժերին:
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում: