Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդները
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 28-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․2388: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7015 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է, կազմելով 10.7334:
Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։
Լիրայի արժեզրկմանը նպաստել է Սաուդյան Արաբիայի, Մարոկոյի և ապա Հայաստանի կողմից թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։ Սակայն թուրքական արժույթի կտրուկ անկում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքներից և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերից անմիջապես հետո։