«Գաղափարը լավն է, բայց սրա մասին իշխանությունները պետք է մտածեն». Բորիս Առուշանյանը՝ ՊՊԿ-ի ստեղծման մասին
Ռազմական դրության և պատերազմական ներկա դժվարին իրավիճակում քաղաքական և ոչ քաղաքական շրջանակներից անհրաժեշտ են համարում Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը:
168.am-ի հետ զրույցում 1992թ․ ԼՂՀ-ում ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահի առաջին տեղակալ Բորիս Առուշանյանը նշեց, որ գաղափարը լավն է, բայց սրա մասին իշխանությունները պետք է մտածեն:
«Պետք է կենտրոնացնել և արդյունավետ օգտագործել ռեսուրսները, կառավարման համակարգը դարձնել կենտրոնացված: Որքան քիչ մարդ լինի ուղղաձիգ իշխանությունում, այնքան կառավարումն օպերատիվ կլինի: Այսինքն, ամեն տեսակ բյուրոկրատիան, շատախոսությունը պետք է բացառվի: Անհրաժեշտ են խիստ միջոցներ, վերահսկողություն և այլն: Պետք է վերացնել քաոսը, պանիկան, սերմանել հավատք հաղթանակի հանդեպ: Ամեն ինչ միայն առաջնագծի և հաղթանակի համար»,- նշեց նա:
Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Բորիս Առուշանյանը գրառում էր կատարել, թե մեզ պետք են ճգնաժամային իրավիճակներում աշխատելու ունակ կառավարիչներ, մարդիկ, քանի որ սեղանին հայրենիքի ճակատագրի հարցն է դրված: