Գրեթե 65 մլն ամերիկացիներ են վաղաժամկետ քվեարկել ընդհանուր ընտրություններում
Գրեթե 65 միլիոն ամերիկացիներ են այս պահին վաղաժամկետ քվերարկել երկրի ընդհանուր ընտրություններում, որոնք նշանակված են նոյեմբերի 3-ին: Հոկտեմբերի 27-ին այս տվյալները բերված են United States Elections Project պորտալում, որն ստեղծել է Ֆլորիդայի նահանգի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մակդոնալդը:
«Ընդհանուր առմամբ արդեն քվեարկել է 64 714 357 մարդ: Փոստով՝ 43 798 191, անձամբ ընտրատեղամասերում՝ 20 916 166 մարդ»,- ընդգծել է պրոֆեսորը: Նա նշել է, որ «քվեարկածների 48,9 տոկոսը դեմոկրատներ են, 28,4 տոկոսը՝ հանրապետականներ, 0,6 տոկոսն՝ այլ կուսակցությունների կողմնակիցներ, 22,1 տոկոսը չի նշել, թե ինչ կուսակցություն է պաշտպանում»:
Առավել մեծ թվով վաղաժամկետ քվեարկած նահանգների ցանկը գլխավորել է Կալիֆոռնիան՝ 7,4 միլիոն: Առաջին եռյակ են մտել նաեւ Տեխասը՝ 7,39 միլիոն եւ Ֆլորիդան՝ 6 միլիոն: 2016 թվականի ընտրություններում վաղաժամկետ իր ձայնն է տվել գրեթե 47 միլիոն ամերիկացի:
Ինչպես կարծում է Մակդոնալդը, այս տարի ընտրություններին կարող է մասնակցել 150 միլիոն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների ընդհանուր թվի 65 տոկոսը: Տոկոսային հարաբերակցությամբ դա կդառնա ամենամեծ մասնակցությունը 1908 թվականից ի վեր, նշել է պրոֆեսորը:
Նոյեմբերի 3-ին պետք է ընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, 35 սենատորներ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների եւ տարածքների 13 նահանգապետերը, ինչպես նաեւ իշխանության տեղական մարմինները: Պետության գլխավոր պաշտոնի համար պայքարը մղում են հանրապետական Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը, եւ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: