ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Բարեթը ստանձնել է պաշտոնը
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Էմի Քոնի Բարեթը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը, երդում է տվել Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ:
Արարողությունն անցել է Սպիտակ տան Հարավային բացատում. այն հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:
Ավելի վաղ հոկտեմբերի 26-ին Սենատը Բարեթին հաստատել է 52 ձայնով՝ 48-ի դիմաց:
Արարողության ընթացքում Դոնալդ Թրամփն այդ օրը համարել է «պատմական», գովաբանել է Բարեթի «անբասիր» տվյալները եւ հայտարարել, որ նրա նշանակումն առաջ է մղում ազատության, հավասարության եւ արդարության իդեալները:
Իր հերթին Բարեթը հավաստիացրել է, որ աշխատելու է ի բարօրություն երկրի, այլ ոչ թե հանուն որեւիցե քաղաքական կուսակցության:
«Ես իմ աշխատանքը կատարելու եմ առանց վախի եւ կողմնապահության՝ անկախ քաղաքական ստորաբաժանումների եւ իմ սեփական նախասիրությունների: Ես սիրում եմ Սահմանադրությունը եւ ժողովրդավարական հանրապետությունը, որը հիմնադրվել է նրա շնորհիվ, եւ ես ինձ նվիրում եմ դրա պահպանմանը»,-հայտարարել է նա:
Ինչպես սպասվում է, Բարեթը Գերագույն դատարանում տեղ կզբաղեցնի հոկտեմբերի 27-ին՝ թվով երկրորդ պաշտոնական երդումից հետո:
Բարեթի նշանակումը Թրամփի եւ հանրապետականների քաղաքական հաղթանակն է, այժմ Գերագույն դատարանում հանրապետական նախագահների կողմից վեց նշանակյալ կա, իսկ դեմոկրատների՝ միայն երեք նշանակյալ: Գերագույն դատարանը հաճախ է վերջակետ դնում իրավաբանական, սոցիալական եւ քաղաքական հարցերում: 2000 թվականին Ֆլորիդայում ձայների վերահաշվման կասեցման մասին որոշումը դե-ֆակտո որոշեց նախագահական ընտրությունների ելքը:
Դեմոկրատներից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու, սենատոր Քամալա Հարիսը կարծիք է հայտնել, որ Էմի Քոնի Բարեթի նշանակումը Գերագույն դատարանում «հսկայական վնաս է» պատճառել: Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը դարձել է «արմատականորեն հանրապետական», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: