«Բացի Ռուսաստանից, չեմ պատկերացնում, որ որևէ երկիր ստանձնի դերը՝ բացատրի  խաղաղություն ասվածը և խաղաղապահ ուժեր ուղարկի». Թևան Պողոսյան

Եթե միակողմանի դիմենք, ոչ ոք չի գալու: Ըստ այդմ՝ պետք է գանք մի կետի, որ Ադրբեջանն ինքը  խնդրի՝ կանգնում ենք, թող խաղաղապահները գան: Բայց սա նշանակում է՝ մենք մարտի դաշտում այնպիսի գործողություններ պիտի անենք, որ Ադրբեջանը «ցավ» զգալով՝ նույն ձևի դիմի այդ խնդրով: Այս մասին 168.amի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ խաղաղապահների տեղակայումն ընդունելի և կոմպրոմիսային տարբերակ համարելու  հայտարարությանը:

«Բոլորն էլ ասում են՝ ցանկացած խաղաղապահ ուժի գալու դեպքում պետք է երկու կողմից համաձայնություն: Մյուս տարբերակը, որ քաղաքական ճնշումներն աշխարհում այնքան զարգանան, որ Ադրբեջանին բացատրեն՝ խաղաղապահ ենք բերելու, եթե չընդունես դա, պարտադրելու ենք խաղաղության: Եթե հանրագումարի բերենք՝ առաջին դեպքում, երբ կողմերը հասկանում են և ասում՝ թող գան, ինչն այսօրվա դրությամբ չունենք, և երկրորդ դեպքն այդ բացատրությունն է, որ պարտադրելու ենք: Բայց աշխարհում որևէ երկիր, բացի Ռուսաստանից, չեմ պատկերացնում, որ ստանձնի այդ դերը՝ բացատրի խաղաղություն ասվածը և խաղաղապահ ուժեր ուղարկի: Ոնց հասկանում ենք, սա գաղափար է, որը եփվում է, բայց ասել, որ հենց վաղը տեղի կունենա,  կդժվարանամ պնդել»,- նշեց Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ աշխարհի երկրները, ի վերջո, կհասկանան, թե ոնց Ադրբեջանին ճնշեն՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի, Թուրքիայի հովանավորությամբ վարձկանների առկայության, թուրքական հատուկ նշանակության զորքեր ուղարկելու  հետևանքները: Այսինքն, այն երկրները, որոնք շահեր ունեն տարածաշրջանում, այս փաստերի հիման վրա պետք է գործողություններ ձեռնարկեն, կանգնեցնեն ցեղասպանական ծրագրերը հայ ազգի նկատմամբ, եթե չեն ուզում կորցնել տարածաշրջանը:

«Հասկանալի է, որ Իրանը դժվար թե այդ պատասխանատվությունը ստանձնի, ԵՄ-ն այս պարագայում, կարելի է ասել, գոյություն չունի, նույնիսկ չեն էլ կարողանում իրար մեջ հասկանալ, թե ինչ անեն: Էրդողանն արդեն որերորդ անգամ Ֆրանսիայի նախագահին ինչ ասես ասում է, Հունաստանին՝ ինչ ասես ասում է: Իսկ Գերմանիան երկրորդ անգամ չի գիտակցում, որ իր լռության արդյունքում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում: Մի քանի կոպեկի համար Թուրքիայի դեմ պատժամիջոց թույլ չի տալիս, որ կիրառեն: ԱՄՆ-ն էլ ընտրական գործընթացի մեջ է, դրանով է զբաղված, և հասկանալի է, որ ներքին խնդիրներից ելնելով՝ բան չի անելու»,- շեշտեց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ առաջին պարտադրողը լինելու է Արցախի ՊԲ-ն կամ հայկական զինված ուժերը, այդ թվում՝ աշխարհազորը:

Տեսանյութեր

Լրահոս