Նա տվեց հայրենիքին ամեն ինչ, ինչ ուներ, բայց հայրենիքը իրեն ոչնչով դեռ չի փոխհատուցել. Լևոն Զուրաբյանը՝ Դավիթ Մաթևոսյանի մասին
«Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Մաթեւոսյանը չի զոհվել որպես հերոս, նա իր ամբողջ կյանքն է ապրել որպես հերոս՝ մինչեւ վերջին վայրկյանը։ Դրա համար որեւէ ճիգ չի գործադրել, ու դա եղել է իր համար այնքան բնական վիճակ, որ դրանով երբեք չի հպարտացել։
Փայլուն զինվորական էր՝ հրետանավոր, բայց էդ կարգավիճակին հասել էր ինքնուս՝ լինելով հնարամիտ ինժեներ եւ անցնելով առաջին արցախյան պատերազմի դպրոցը։ Որպես զինվորական, ռազմի դաշտում անողոք էր թշնամու հանդեպ, բայցեւ, ինչպես իսկական զինվորական, հարգանքով էր վերաբերում հակառակորդին, երբեք նրան չթերագնահատելով եւ բացարձակ մարդկային վերաբերմունք դրսեւորելով գերիների նկատմամբ։ Հետեւաբար, հարգված էր ոչ միայն հայերիս կողմից, այլ նաեւ ադրբեջանցիների։ Իր խոսքը խոսք էր, դա գիտեին եւ մերոնք, եւ նրանք։ Դրա համար էլ գերիների փոխանակման գործը միշտ իրեն էր հանձնարարվում։
Չգիտեմ, էդքան քանակությամբ լավ մարդկային որակներ մեկ մարդու մեջ ո՞նց էր տեղավորվում, եւ մեկ այլ նմանը աշխարհում կա՞ ընդհանրապես։ Համարձակ, սկզբունքային, պատասխանատու, վճռական, ուժեղ, արդար, բարի, ճշմարտախոս, խորաթափանց, նրաբազգաց, խելացի, կարեկցող, սրամիտ, ժպտերես, ազնիվ, բաց, համակրելի, սթափ, գործնական, աշխատասեր, հուսալի, շռայլ։
Անսահման ազնվականությո՜ւն։ Ոչ մեկից ոչ մի բան երբեք չի վերցրել, եւ բոլորին միշտ միայն տվել է իր ստեղծած բարիքները, աջակցությունն ու եռանդը։
Հայրենիքի պաշտպանության գործը նրա համար միայն սահմանների պաշտպանությունը չէր։ Հայրենիքի պաշտպանության գործը նրա համար նաեւ հայրենիքի մաքրությունն էր, արդարությունը, ժողովրդավարությունը եւ ազատությունը։ Այդ գործի համար էլ նա պատրաստ էր ամեն զրկանքի։ Միայն այն հանգամանքը, որ Դավիթի նման մարդը կարող էր շինծու մեղադրանքներով մեկուկես տարի անցկացնել բանտում, նրան կալանավորած բռնապետության լավագույն դատավճիռն էր։ Բայց նրան ոչինչ չէր կարող ընկճել կամ կոտրել, հալածանքները նրան միայն ավելի զորեղ եւ պայծառ էին դարձնում։
Դավիթը նաեւ տաղանդավոր գրող էր, որի համար չկար ազգություն, այլ կար մարդ։ Դաժան պատերազմ անցած, նամ միշտ քարոզում էր սեր, արժանապատվություն եւ խաղաղություն։ Հրանտի, Վանոյի երկրի եւ հողի զգացողությունը կար իր շնորհալի գործերում։
Սա նաեւ իմ ընտանիքի համար անձնական եւ դաժան ողբերգություն է։ Իմ ամենամտերիմ եւ ամենա֊ամենահարազատ ընկերներից էր։ Երբ գալիս էր Մեղրիից, առաջինը պետք է գար Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ եւ պայթեցներ մեր քաղաքական բանավեճը, իսկ երեկոյան պիտի գար մեր տուն, որ ըմբոշխնեինք Շողերի ճաշերը եւ իր քաշած թզի, թթի եւ սերկեվիլի օղիները։ Միակ բանը, որով երեխու պես պարծենում էր, իր քաշած օղիներն էին, եւ իսկապես հիասքանչ էին։ Նրա ամեն գալը տոն էր դառնում՝ ճշմարտության, ուրախության, անկեղծության։ Հիմա էլ դեռ երկար ժամանակ տոն չի լինելու։
Ընտանիքիս վշտակցությունը կնոջը՝ Սուսաննային, զավակներին՝ Թեւոսին, Հերմինեին, Ղեւոնդին։
Մի բան էլ։ Փակագծերը հիմա չեմ բացելու, բայց էնպես էր ստացվել, որ ինքնապաշտպանությունը կազմակերպելիս, Դավիթը մի քանի հոգու հետ միասին, ըստ էության, մեն֊մենակ էր մնացել թշնամու բանակի դիմաց։ Ինչպես միշտ, նա ընդունեց մարտահրավերը, գիտակցաբար եւ խիզախաբար մտնելով անհավասար մարտի մեջ, որովհետեւ այլընտրանք չկար։ Նա տվեց հայրենիքին ամենինչ, ինչ ուներ, բայց հայրենիքը իրեն ոչինչով դեռ չի փոխհատուցել։ Նրա անցած ուղին, նրա հերոսական անձնատուր պայքարը հայրենիքի գոյության եւ ազատության համար, նրա անկրկնելի քաղաքացիական ծառայությունը սեփական երկրին արժանի են Ազգային հերոսի կոչմանը»։