«Հակամարտության կողմը չի կարող միջնորդ լինել, կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է». Անուշ Բեղլոյանը՝ Թուրքիայի մասին
168.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը։
– Տիկին Բեղլոյան, ԱՄՆ կատարելիք այցից առաջ այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, հայկական կողմն այս հանդիպումներից որևէ դրական ակնկալիք ունի՞։
– Կարծում եմ՝ այս հանդիպումը պետք է դիտարկել, և առհասարակ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությունն այս հակամարտության կարգավորման գործում՝ որպես կոորդինացված և փոխհամաձայնությունների վրա հիմնված։ Սա այն հարցն է, որտեղ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չունեն տարաձայնություններ։ Այս տեսակետից՝ իրար հաջորդող այս այցերը որպես կոորդինացված գործունեության ծրագիր եմ դիտարկում, որն ուղղված է՝ հրադադարի, այնուհետև՝ զինադադարի և առհասարակ հակամարտության թեժ զարգացումների ավարտին։
– Կարո՞ղ ենք սպասել, որ այս և ԱՄՆ կատարելիք այցից հետո՝ հոկտեմբերի 10-ին, այնուհետև՝ 18-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։
– Մենք արդեն երկու անգամ ականատես եղանք ադրբեջանական կողմի ֆորմալ համաձայնությանը և այնուհետև իրենց կողմից հրադադարի պայմանները չկատարելուն։ Կարծում եմ՝ այս երրորդ անգամ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հաշվի առնելով այդ հանգամանքը, որ ադրբեջանական կողմը հետաքրքրված չէ հրադադարի հաստատմամբ և Թուրքիայի կողմից ուղղորդվում է դեպի ակտիվ գործողությունների շարունակությանը, կառաջարկի համապատասխան մեխանիզմներ, որպեսզի այդ հրադադարն այս անգամ պահպանվի։
– Իսկ իրատեսակա՞ն եք համարում, որ այս փուլում կարող է բանակցային գործընթացը վերականգնվել, և քաղաքական օրակարգում փոփոխություններ լինելո՞ւ են։
– Այս պատերազմը շատ բան փոխեց իրավիճակում, և առաջին հերթին՝ Հայաստանին և միջազգային հանրության մոտ որևէ կասկած չմնաց, որ այն փաթեթային լուծումները, որոնք առաջարկվել են այս տարիների ընթացքում, դժբախտաբար, բախվում են դառն իրականության, որ հայերի գոյատևումն ու կյանքը չի կարող լինել ապահով ու անվտանգ այն պարագայում, եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Սա պարզ և ապացուցված է, և ապացուցվել է Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններով։ Այստեղ մենք Ադրբեջանին չենք դիտարկում՝ որպես առանձին խաղացող, որպես բանակցային կողմ, քանի որ տեսնում ենք, որ որպես սուբյեկտ՝ Ադրբեջանն ամբողջությամբ կլանվել է Թուրքիայի կողմից։ Կարծում եմ՝ այս հանգամանքը շատ մեծ ազդեցություն կունենա առաջիկա բանակցային գործընթացի վրա։ Թե ինչպիսի ազդեցություն կունենա՝ ապագան ցույց կտա։ Բայց այն, որ հայերը մարդու հիմնարար իրավունքներից՝ կյանքի իրավունքը չեն կարողանում իրացնել նման պայմաններում՝ փաստ է, որն այլևս որևէ մեկը չի կարող մերժել՝ լինի միջազգային հանրությունը թե համանախագահողները։
– Թուրքիան չի թաքցնում, որ ցանկանում է դառնալ բանակցությունների կողմ և նստել բանակցային սեղանին։ Այդ երկրի այս նկրտումները կարո՞ղ են ինչ-որ կերպ հաջողությամբ պսակվել։
– Հակամարտության կողմը, իսկ դա այս պարագայում Թուրքիան է, և դա փաստացի ապացուցված է, չի կարող լինել միջնորդ։ Սա համամարդկային, համաշխարհային քաղաքակրթական, հազարամյակներով ապացուցված սկզբունք է։ Հակամարտության կողմը չի կարող միջնորդ լինել, կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։
– Փաստացի Ադրբեջանը չի կատարում ո՛չ հոկտեմբերի 10-ի, ո՛չ էլ 18-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը։ Այս պայմաններում, մեր բանակից բացի, ո՞վ և ի՞նչը կարող է նրան ստիպել դադարեցնելու ռազմական ագրեսիան։
– Հայաստանի ամենամեծ հարստությունն ու ուժը, որը մեր երկրին տալիս է նաև հնարավորություն՝ որպես միջազգային դիվանագիտության սուբյեկտ հանդես գալ շատ հստակ դիրքորոշմամբ և իր տեղն ունենալ ցանկացած բանակցային գործընթացում, ՀՀ բանակն է և Արցախի Պաշտպանության բանակը, ինչպես նաև հայ ժողովուրդը։ Պատմությունից դասեր քաղելով՝ պետք է ուժեղացնենք բանակը և մեր մարտական հաջողություններով ամրապնդենք բանակցային դիրքերը։ Միջազգային հանրությունը կարող է լինել ընկեր, աջակից, կարող են լինել ռազմավարական գործընկեր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և այլ բարեկամ երկրներ, բայց իրենք մեր փոխարեն չեն կարող կռվել, մեր հողը, նախնիների և երեխաների ապագան մենք պետք է պաշտպանենք։
– ՀՀ սահմանում անընդհատ ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են հայտնվում, որի հետևանքով ունեցել ենք զոհ և վիրավորներ, ժամանակը չէ՞ ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին դիմելու համար։
– ՀԱՊԿ-ը շատ կանոնակարգված ձևով տեղեկացվում է ցանկացած զարգացումների մասին, մեր ՀԱՊԿ գործընկերներն անմիջապես կապի մեջ են քարտուղարության և գլխավոր քարտուղարի հետ։ Այնպես որ, ՀԱՊԿ-ի հետ որևէ խնդիր չկա, այն պարագայում, երբ անհրաժեշտություն լինի, Հայաստանը կարող է իրականացնել ՀԱՊԿ անդամ լինելու իր իրավունքները։ Ինչ վերաբերում է մեր ռազմավարական այլ գործընկերներին, կրկնում եմ՝ այս պահին մեր ճակատագրական մարտերը տեղի են ունենում Արցախում, և Արցախի ՊԲ-ի կողմից մղվող պատերազմական գործողությունները շատ կարևոր են, այս տեսակետից որևէ մեկը մեր փոխարեն նախնիների հողը չի կարող պաշտպանել։
– Վերջին շրջանում շատ է քննարկվում Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը, այսօր դրա անհրաժեշտությունը կա՞, և դրա բոլոր հետևանքներն արդյո՞ք հաշվարկված է։
– Այս հարցերը չեն քննարկվում խորհրդարանում և այդ հարցերն այսօր հանրային օրակարգում գոյություն չունեն, քանի որ այս պահին ընթանում են մարտական գործողություններ, անցկացվում են նաև հանդիպումներ։ Հետևաբար, կարծում եմ՝ այս հարցերի պատասխանը նաև ես տվեցի, երբ ասացի, որ որևէ մեկը չի կարող պաշտպանել մեր հողը, եթե դա չանենք մենք։
– Օրերս Ձեր պատգամավոր գործընկերը՝ Լուսինե Բադալյանը, գրել էր, որ մեկնում է առաջնագիծ, քննարկո՞ւմ եք հարցը, որ «Իմ քայլի» մյուս կին պատգամավորները ևս մեկնեն առաջնագիծ, և այս պահին ո՞րը պետք է լինի այնտեղ Ձեր անելիքը։
– Ամբողջ խմբակցությունը շատ լավ պատկերացնում է, և ամեն մեկս մեր տեղում, մեր մասնագիտական որակավորման և կարողությունների սահմաններում անում ենք այն, ինչն ամենաարդյունավետն է։ Այս տեսակետից համարում եմ, որ բոլոր պատգամավորներն այս պահին գտնվում են այնտեղ, որտեղ իրենք ավելի շատ են պետք։ Ցանկացած պատգամավոր, որն աշխատում է այս օրերին՝ թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս, իրականացնում է իր նպատակների ու կարողությունների առավելագույնը, որպեսզի օգնի ճակատին ու թիկունքին։