Երևանում ԵՄ դեսպանին քաղաքացիները ներկայացնում են փաստեր Ադրբեջանի ագրեսիայի դեմ խիստ գնահատականի պահանջով
Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ հստակ գնահատականներ հնչեցնելու պահանջով երեք քաղաքացի հանդիպում է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպումից առաջ ակտիվիստ Արմինե Մելքոնյանը ներկայացրեց, թե ինչու են միջազգային կառույցների գրասենյակների առջև ցույցեր անում. «Մեր տարածաշրջանում հիմնական խաղաղության, մարդասիրության կոչերը հնչել են հենց միջազգային այս կառույցների շնորհիվ: Այսօր ԵՄ-ն մեր տարածաշրջանում նաև անվտանգության խորհուրդ ձևավորելու առաքելություն պետք է իրականացնի: Եվ մենք նորից բախվում ենք իրենց լռության հետ»:
Մելքոնյանի կարծիքով՝ այսօր միջազգային կառույցները վախենում են Արցախին որևէ կարգավիճակ շնորհել, քանի որ քաջ գիտակցում են՝ կարգավիճակ շնորհելուց հետո պետք է արդեն հետագա գնահատականները լինեն ավելի հասցեական: «Մի ամբողջ ժողովրդի մշակույթ է ոչնչացվել, որը պետք է ԵՄ-ի հովանու ներքո լիներ, կրթությունը հիմա զրոյական մակարդակի վրա է, երեխաները դպրոց չեն գնում: Պետք է գնահատականի հստակեցում լինի, ինչո՞վ են պայմանավորում հայկական կողմի նկատմամբ իրենց լռությունը, որը պայքարում է իր հողի համար»,-ասաց Մելքոնյանը:
Դեսպանի հետ հանդիպող քաղաքացիները ներկայացնելու են ադրբեջանական կողմի դաժանությունների մասին փաստող տեսանյութեր, լուսանկարներ: Մելքոնյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ են անում միջազգային կառույցները պատերազմական հանցագործ Ադրբեջանին զսպելու, նրան մեղադրելու համար:
ԵՄ պատվիրակության շենքի դիմաց հավաքված են մի խումբ քաղաքացիներ՝ պաստառներով, որոնցով կոչ են անում դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, հղում են ուղերձներ:
Հոկտեմբերի 19-ին բողոքի ակցիա էր Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեսպանատան պաշտոնյայի հետ էին հանդիպել կրկին երեք քաղաքացի՝ այդ թվում Արմինե Մելքոնյանը: Դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն հանդիպումից հետո խոստացել էր ցուցարարների պահանջների հիման վրա համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն՝ ներկայացնելով Արցախում, Հայաստանում տիրող իրադրությունը:
Նույն օրը ակցիա է իրականացվել նաև Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ կրկին չլռելու, Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների վայրագությունների վրա աչք չփակելու կոչով: