Ղարաբաղ. հրադադա՞ր, թե՞ սառը ջուր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից Ղարաբաղում հրադադարի սառն ընդունելությունը, ինչպես նաև ռազմական գործողությունների շարունակվելը Հադրութ քաղաքի մոտ, վկայում են այն մասին, որ պատերազմ սանձազերծողները ձեռք բերված արդյունքներից այնքան էլ գոհ չեն և ջանում են ամեն կերպ ամրանալ և միջանցք ձեռք բերել Արցախյան պատերազմի հարավային ճակատում՝ Արաքսի իրանական սահմանի երկայնքով, որպեսզի հետագա բանակցություններում փորձեն հասնել արդյունքների, որին չի հաջողվել հասնել մարտի դաշտում։

Վերջերս Թուրքիայի խորհրդարանը հայտարարել է նաև, որ շուտով Բաքու զորքեր ուղարկելու գործընթացն օրինական կերպով է իրականացնելու։ Այս համատեքստում հատկապես կարևոր է այն, որ Արցախում նաև ահաբեկիչներից կազմված մի ստորաբաժանում հրադադարից հետո մուտք է գործել ռազմի դաշտ՝ խախտելով հրադադարը, իսկ Հադրութ քաղաքում այդ խմբավորման կարճատև հաջողության նկարներն անմիջապես հրապարակվել են լրատվամիջոցներում՝ ներկայացնելով՝ որպես ռազմական լուրջ հաջողություն։

Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ձևաչափով փոխադարձ պայմանավորվածությամբ ձեռք բերված հրադադարին (որը, իհարկե, խախտվել է) պաշտոնապես բացասական արձագանք է տվել և նշել, որ դեմ է այդ հրադադարի իրագործմանը։

Թուրքիայի դիրքորոշումը, ինչպես՝ պատերազմի սկզբում, այնպես էլ՝ հրադադարի ընթացքում, բոլորին պարզ դարձրեց, որ պատերազմի հրամանատարական շտաբը ոչ թե Բաքվում է, այլ Անկարայում, և այժմ՝ պատերազմից երկու շաբաթ անց, պատերազմի մյուս կողմերի բացահայտումով, պարզ է դառնում, որ, տարածքային վեճերից զատ, այս հակամարտությունը կուլիսներում ունի այլ նպատակներ, որոնք կարող են սպառնալ Արաքսի սահմանների անվտանգությանը, եթե շրջակա երկրները, այդ թվում՝ նաև Իրանը, այս ամենը չգիտակցեն և կանխարգելիչ միջոցներ չձեռնարկեն այդ խնդրի լուծման համար, ապա լրջագույն խնդիրների առաջ են կանգնելու։

Իհարկե, Թուրքիային աջակցում են նաև որոշ երկրներ, որոնք հիմա արդեն խառնվել են այս պայքարին։ Այս արտատարածաշրջանային երկրներն արդեն նախատեսել են ճգնաժամը տեղափոխել Հարավային Կովկաս և փորձում են այդ սադրանքի մեջ ներգրավել նաև Ռուսաստանին և Իրանին։

Այժմ պատերազմ սանձազերծողները, որոնք դեռևս ոչ մի հաջողության չեն հասել պատերազմական գործողություններում, նպատակ ունեն լարվածության միջանցք ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարավում։ Չկարողանալով գրավել Ջաբրաիլ և Ֆիզուլի քաղաքները՝ փորձում են նոր հնարք իրականացնել և ուժեր կենտրոնացնել ավելի հարավ՝ դեպի Արաքս գետի հովիտ։

Արցախի հարավային ուղղությամբ ուժերի կուտակումը և լայնամասշտաբ գործողություններն Արցախի և Իրանի միջև գոյություն ունեցող միջանցքի երկարությունը նվազեցնելու Բաքու-Անկարա առանցքի ջանքերը և «Համզա» ստորաբաժանման «Սուլթան Մուրադ» ջոկատի ահաբեկչական ուժերի մի մասի (որում միայն հրադադարից մի քանի օր առաջ, հաղորդումների համաձայն՝ հաշվվում էր 1450 հոգի) տեղափոխումն Ադրբեջանի տարածք, խոսում են Արցախյան պատերազմի մյուս՝ կուլիսային, կողմերի մասին։ Հատկանշական է, որ այս ահաբեկչական խմբավորման անդամները զորավարժություններ են անցկացրել Աֆրինի ռազմական ճամբարում, վարժեցվել են թուրքական զինվորների կողմից, սակայն մարտերի առաջին մի քանի օրում 107 սպանված են տվել։

Ընթացող պատերազմը սանձազերծողների մյուս նպատակներից է նաև Իրանի սահմանի հարևանությամբ ռազմաբազայի ստեղծումը։ Այս ռազմաբազան նպատակ է հետապնդելու ապահովել այս կետում արտատարածաշրջանային երկրների ռազմական ներկայությունը, Իրանում ներքին պրովոկացիաների հրահրումը և Իսրայելի ներքաշումն այս ռազմավարական կետ։

Ինչպես ընդգծում են արտասահմանցի պաշտոնյաները՝ Իսրայելն այս պատերազմից առաջ սկսել է Բաքու առաքել «Լորա» հրթիռներ և հսկայական քանակի ԱԹՍ-ներ, իսկ կուլիսների հետևում լայնորեն կիրառում է կասետային հրթիռներ և լաունչերներ։

Ցավոք, որոշ ուժեր էլ կան, որոնք ցանկանում են, որ Թուրքիան, Իսրայելը և գրոհային ահաբեկիչները մուտք գործեն Հարավային Կովկաս և խառնաշփոթ ստեղծեն, որպեսզի Արցախյան հակամարտությունը դուրս գա երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի տարաձայնությունների ոլորտից՝ ընդգրկելով ողջ տարածաշրջանն ու միջազգային այլ խաղացողների։ Եթե այս ծրագիրը հաջողությամբ իրագործվի, միանշանակորեն, Իրանի ազգային անվտանգության համար լուրջ հետևանքներ կունենա։ Իրանի բանակի, Իսլամանական Հեղափոխության պահապանների կորպուսի, Ազգային անվտանգության և նույնիսկ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներն ուշադիր հետևում են Արաքսի սահմաններում պատերազմական զարգացումներին և դիտարկում են սահմանի այն կողմի իրադարձություններն այնքանով, որքանով դրանք առնչվում են Իրանի տարածքային և ազգային անվտանգությանը։

Միևնույն ժամանակ՝ չպետք է թույլատրվի, որ գրոհային ահաբեկիչների խմբերն այս վայրերում բնակություն հաստատեն կամ ուժի ցուցադրության հնարավորություն ունենան, իսկ Հարավային Կովկասից դուրս գտնվող երկրների՝ տարածաշրջանում խառնաշփոթ ստեղծելու ծրագրերը չպետք է իրագործվեն։

Չկարողանալով անկարգություններ ստեղծել Իրանի Խուզեստանի, Քրդստանի և Բելուջեստանի նման շրջաններում՝ հակաիրանական տարրերն այս անգամ Իրանի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմաններին փորձում են ստեղծել ճգնաժամի մեկ այլ օջախ։ Շատ կասկածելի է նաև այն հանգամանքը, որ, ըստ տեղեկությունների, ահաբեկչական խմբավորումներն ակտիվորեն ներգրավված են ոչ թե Արցախյան պատերազմի հյուսիսային ճակատում, այլ հարավային ճակատում՝ Իրանի սահմանների մոտակայքում։ Կարևոր է նաև այն, որ տարածաշրջանում խաղաղության վերահաստատելուց հետո ո՛չ Թուրքիան է պատրաստ ահաբեկիչներին վերադարձնել իրենց նախկին բնակության վայր, ո՛չ էլ Բաքուն է պատրաստ նրանց վերաբնակեցնել Արցախից դուրս գտնվող այլ շրջաններում։

Ուստի նպատակն է՝ անվտանգ միջանցք ստեղծել ահաբեկիչների համար Իրանի սահմանի մոտակայքում, որ Իրանին «չարը» կամեցողները մեկ քայլով ևս մոտենան իրենց նպատակներին։

Մաջիդ Քարիմի

Իրանցի հայտնի լրագրող, Կովկասյան հարցերով փորձագետ

Տեսանյութեր

Լրահոս