Փլուզման հետևանքով 9 տուժածներից միայն 1 հոգու վիճակն է ծանր

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ այսօր Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի ունեցած կիսակառույց շենքի փլուզումից տուժածներից 9 հոգի այս պահի դրությամբ գտնվում է իրենց հիվանդանոցում:

Բժիշկի փոխանցմամբ` միայն 1 հոգու առողջական վիճակն է գնահատվում ծանր, ով գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Բոլոր տուժածները Սևանի շրջանի Դդմաշեն գյուղից են:

Արման Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել ձախ ձեռքի շրջանի թուլությունով: Հավանական է, որ ուսագոտու շրջանում հարված է ստացել, ինչի արդյունքում թուլացել է: Ըստ Գ. Մանուկյանի` այլ հատվածի տրավմատիկ վնասվածքներ չեն գրանցվել Ա. Գրիգորյանի մոտ:

«Արսեն Հայրապետյանի մոտ հայտնաբերել ենք հետույքի շրջանի հեմատոմա, քանզի հարվածը այդ հատվածում է տեղի ունեցել: Ոսկրային այլ ջարդվածք կամ փոփոխություն չենք գրանցել: Մի քանի օրվա ընթացքում վիճակը կլինի լավ: Արման Ղազարյանը գոտասրվնային հոդի սալջարդ, կոտրվածք չունի: Սալջարդի հատվածը ֆիքսված է: Սուքիասյան Էդիկը  տեղափոխվել է մեզ մոտ, հետազոտվել է: Հնարավոր է` ռենտգենային նկարները ստուգվել են: Կոտրվածքներ չունի: Իր մոտ հայտնաբերել ենք միայն փափուկ հյուսվածքների սալջարդ:  Սիրակ Թովմասյանի մոտ քթի և ճակատային հատվածի քերծվածքներ էինք հայտնաբերել: Վերքերը կարվել են, ռենտգեն քննության ժամանակ այլ կոտրվածքներ չենք հայտնաբերել: Իր վիճակը կայուն է: Կամո Ղահրամանյանն ունի գոտկատեղի և փափուկ հյուսվածքների սալջարդ: Այլ կոտրվածքներ չունի:  Նահապետ Բադալյանը հետույքի հատվածի վրա ընկնելու պատճառով ստացել է գոտկային ողի կոմպրեսիոն կոտրվածք, սակայն այլ ողնուղեղային բարդություն, թուլություն կամ որևէ այլ կոտրվածք չենք հայտնաբերել: Վոլոդյա Մաթևոսյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է պարանոցային 7-րդ կողի կոտրվածք,  փշաձև ելունի կոտրվածք, փոքր ուղեղի սալջարդ, որովայնի խոռոչում լյարդի շրջանում կա հեմատոմա, որը հսկվում է, որպեսզի, եթե հետագայում վիրահատության կարիք լինի, այն իրականացվի: Պարանոցին էլ ամրակապ օձիքով հսկվում է գլխի շրջանը: Ռոբերտ Առաքելյանն ունի աջ կոնքոսկրի կոտրվածք, աջից սրունքթաթային  հոդի կոտրվածք, որը դրված է կմախքային ձգման վրա»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Գ.Մանուկյանը:

Բժիշկի փոխանցմամբ` հիվանդները գտնվում են ՀՀ կառավարության և «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի խիստ հսկողության տակ, տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն, հիվանդանոցը հագեցած է համապատասխան դեղորայքով և անհրաժեշտ տեխնիկայով, իսկ հիվանդները բուժօգնությունը ստանում են պետպատվերի շրջանակում: Բոլորի վիճակը, բացի մի հոգուց, գնահատվում է վերահսկելի բավարար:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք որևէ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, Գ.Մանուկյանը պատասխանեց. «Առայժմ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում; Ես ասացի՝ միայն Վոլոդյան է, որ գտնվում է ծանր վիճակում, հսկողության տակ է, իսկ մյուսները մի քանի օրվա ընթացքում աստիճանաբար դուրս կգրվեն հիվանդանոցից: Չեմ կարծում, որ նրանց մոտ հետագայում կլինեն առողջական խնդիրներ այսօրվա պատահարի արդյունքում»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, որի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել 9 տուժած:

 

 

Տեսանյութեր

Լրահոս