Հայաստանի մշակութային և հասարակական գործիչները դիմել են «Օսկար» կինոակադեմիային
Հայաստանի մշակութային և հասարակական գործիչները հանդես են եկել նախաձեռնությամբ, որով պատրատվում են դիմել «Օսկար» կինոակադեմիային` առաջարկելով երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին և էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացած «Եթե բոլորը» ֆիլմը, որը նաև ներկայացվել է «Օսկարի», ընդգրկվելով ընտրված 70 ֆիլմերի ցանկում, դիտարկել բացառապես որպես արվեստի ստեղծագործություն:
Հայտարարության մեջ ասված է.
«Ակադեմիայի հարգարժան անդամներ, մենք` Հայաստանի մշակութային և հասարակական գործիչներս, ուրախությամբ իմացանք, որ ռեժիսոր Նատալիա Բելաուսկենի և Միքայել Պողոսյանի նկարահանած «Եթե բոլորը…» ֆիլմը, որը երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է լավագույն հայկական ֆիլմ մրցանակին և էկումենիկ ժյուրիի մրցանակին, ներկայացված է «Օսկարի» և, անցնելով առաջին փուլը, ընդգրկվել է 70 ընտրված ֆիլմերի մեջ: Սակայն, ի զարմանս մեզ, մարդասիրական, տոլեռանդ, թշնամու կերպարից հրաժարվող, ազգերին երկխոսության հրավիրող այս ֆիլմը առաջացրել է մեր հարևան պետության` Ադրբեջանի դժգոհությունը: Ցավալիորեն նրանք քաղաքականացնում են հարցը: Իրականում սա ֆիլմ է, արվեստի գործ, նախևառաջ, որը սովորեցնում է հայերին, ռուսներին, ուկրաինացիների, ադրբեջանցիներին ր այլ ազգերին՝ ապրել առանց թշնամու կերպարի:
Մինչդեռ, Ադրբեջանից հնչող բողոքները շարունակությունն են դրոշի պես թափահարվող այն կացնի, որով ադրբեջանցու կողմից Հունգարիայում, քնած վիճակում սպանվեց հայ սպան, և որը հերոսացվում է մեր հարեւան երկրում:
Մենք «ոչ» ենք ասում այդ քաղաքական պրովոկացիային և վստահ ենք, որ հանձնախումբը այս ֆիլմում կտեսնի այն, ինչն իրոք կա»: