Եթե Հայաստանը ցանկանում է, որպեսզի ՀԱՊԿ-ը գործի, դրա համար նա գիտի՝ պետք է դիմի ՀԱՊԿ. Կոնստանտին Զատուլին. Factor TV

Factor TV-ի հարցազրույցը ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ

-Պարոն Զատուլին, Ադրբեջանը շարունակում է խախտել կրակի դադարեցման ռեժիմը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

-Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք մեկ անգամ արդեն մեր երկրների նախագահների մակարդակով, արտահայտվել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ, պետք է անհապաղ քննարկեն միասնական միջոցների ձեռնարկման հարցը, եթե իրենք դրան պատրաստ են, կամ համաձայնել ինչ-որ քայլերի, որոնք թույլ կտան արդյունավետ ազդել այն ամենի վրա, ինչ կատարվում է: Տարբեր տեսակի հայտարարությունների փուլը, իհարկե, անխուսափելի էր, բայց տվյալ շրջանում չպետք է տպավորություն ստեղծվի, որ այդ հայտարարություններն արվում են առանց հետևանքների նրանց համար, ովքեր ուշադրություն չեն դարձնելու դրանց: Այդ դեպքում համանախագահների հեղինակությունը սասանվում է: Իսկ այն չպետք է սասանվի, եթե մենք հոգ ենք տանում մեր երկրների, աշխարհում դրանց կշռի և ազդեցության մասին: Ես հիմա պատրաստ չեմ առաջարկելու, թե կոնկրետ ինչ պետք է անեն համանախագահները, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է քննարկել միջոցների մի ամբողջ համալիր՝ պատերազմը դադարեցնելու համար: Դա անխոս, պետք է արվի, քանի որ կրկնում եմ՝ չպետք է առանց հետևանքների թողնել այն փաստը, որ կողմերը շարունակում են առճակատումը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն, ցավոք, այն չի իրականացվել և դա գլխավորապես այն պատճառով, որ կողմերը համաձայնության չեկան դիտորդների հարցով: Կարծում եմ՝ դիտորդների, իսկ հետո՝ խաղաղապահների վերաբերյալ հարցը օրակարգ է մտնում:

-Ադրբեջանը հայտարարեց, որ այդպիսի լուծումը դեռ անհրաժեշտ չի համարում:

-Այդ դեպքում իրենք խափանում են զինադադարը և հաստատում պատերազմը շարունակելու իրենց ցանկությունը:

-Մենք տեսնում ենք իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի քայլերը, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ շփումները: Ինչպե՞ս Ռուսաստանն ընդունեց այն փաստը, որ Ադրբեջանը կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ-ում ձեռք բերված պայմանավորվածությունը չի պահում:

-Պաշտոնական մակարդակում Ռուսաստանը խուսափում է միակողմանի գնահատականներ հնչեցնել, որովհետև ցանկանում է պահպանել դիտորդի իր որակը, ի տարբերություն Թուրքիայի, որը միշտ և ամեն ինչում ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև այնպիսի տպավորություն է, որ ոգեշնչում է այդ երկրին՝ շարունակելու պատերազմը: Մյուս կողմից՝ Ռուսաստանի փորձագիտական, քաղաքական հանրույթներում, ԶԼՄ-ներում ավելի ու ավելի օբյեկտիվ գնահատական են տալիս այն ամենին, ինչ կատարվում է, որովհետև դիտորդ լինելու մեր ցանկությունը չի կարող փոխարինել կատարվողի վերաբերյալ օբյեկտիվ վերլուծության անհրաժեշտությունը: Իսկ օբյեկտիվ վերլուծությունը խոսում է այն մասին, որ ռազմական գործողությունների նախաձեռնողը եղել է Ադրբեջանը, որ Ադրբեջանը և նրա հետևում կանգնած Թուրքիան իրականում ռազմական գործողությունների դադարեցման անթույլատրելի պահանջներ են առաջ քաշում, ավելի կոնկրետ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի չճանաչում, Հայաստանի զորքերի դուրսբերում կոնֆլիկտի գոտուց: Այդ պահանջն անթույլատրելի է: Եվ դա իրենք որպես հիմք են ներկայացնում՝ պատերազմը շարունակելու համար: Դա, անկասկած, մերկացնում է ադրբեջանաթուրքական պլանի գոյությունը, այն է՝ ամբողջ տարածաշրջանի մաքրում: Այսինքն, հաստատում են հայկական կողմի այն մտահոգությունները, որ խոսքը գնում է էքզիստենցիալ խնդրի մասին, Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրելու հայերի հնարավորության մասին: Այսինքն, իրենք պետք է ոչ միայն զգուշանան կոնֆլիկտի ռազմական լուծման բոլոր փորձերից, այլ ուղղակի գոյություն ունենալուց այդ տարածքներում: Գուցե ոչ բոլորն են Ռուսաստանում այսօր իրենց հաշիվ տալիս, որ այսպիսին է իրավիճակը, Ադրբեջանի ռազմավարությունը: Բայց այդ ռազմավարությունը Ռուսաստանում չի կարող ընդունվել ոչ մի պայմանի դեպքում:

-Ահաբեկիչները, որոնց Թուրքիայից տեղափոխել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի, շարունակում են մասնակցել ռազմական գործողություններին: Հայտնի դարձավ, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադում միջազգային ահաբեկիչների է չեզոքացրել: Ռուսաստանի համար արդեն ակնհա՞յտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նաև Ձեզ համար է սպառնալիք:

-Մեր արձագանքը ես երկու մասի կբաժանեի. պաշտոնական մակարդակում մենք չենք խոստովանի, որ որևէ մեկից վախենում ենք՝ ահաբեկիչներից կամ ադրբեջանաթուրքական տանդեմից: Ինչ վերաբերում է ներքին կողմին, իհարկե, հրապարակավ հայտարարվել է, որ ահաբեկիչները գալիս են Մերձավոր Արևելքից: Անշուշտ, մենք հասկանում ենք, որ Մեծ թուրանի բոլոր ծրագրերը, որ Թուրքիայում գլխապտույտ են առաջացնում, մեր ազգային շահերի հետ կոնֆլիկտի մեջ են: Մենք Թուրքիայի ինքնահաստատման կողմնակից չենք՝ մեր ազգային շահերի հաշվին Կովկասում, Կենտրոնական Ասիայում:

-Արդեն հավելյալ ապացուցման անհրաժեշտություն չկա, որ Ադրբեջանը նաև Հայաստանի տարածքին է հարվածում, իրենք դա խոստովանել են: Մենք հիշում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Հայաստանի հանդեպ պարտավորությունները կատարվելու են: Ինչպե՞ս հասկանալ հապաղումը, թե՞ ըստ Ձեզ՝ չկա այդպիսի բան:

-Այն բանի համար, որ ՀԱՊԿ մեխանիզմները գործեն, Հայաստանը պարտավոր է, համաձայն այդ կազմակերպության կանոնադրության, դիմել ՀԱՊԿ-ին: Այսօրվա դրությամբ այդպիսի դիմում չկա: Այսօր քաղաքական-միջազգային հարցերով մշտական կոմիտեի նիստի էի մասնակցում: Այդ նիստը վարում էր Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ներկայացվեցին Հայաստանի պատկերացումները ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ, որտեղ առաջարկվեց Ադրբեջանի հարձակումն ագրեսիա կոչել և ամրագրել այն փաստը, որ Ադրբեջանն արդեն Հայաստանի վրա է հարձակման անցել: Այդ հարցի քննարկման փորձի ժամանակ ես հարց ուղղեցի Ալեն Ռոբերտովիչին՝ ճի՞շտ եմ ես հասկանում, որ Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ, որովհետև մեզ առաջարկվում է խորհրդարանական մակարդակում ընդունել այդ փաստը, բայց ՀԱՊԿ ուղիղ դիմում չկա: Հենց ես այդ հարցը բարձրացրի՝ հայկական կողմի խոսնակը՝ պարոն Սիմոնյանը, նշելով, որ այդ հարցով կոնսենսուս չկա, ընդհանրապես իր օրակարգից հանեց այդ հարցը, իր առաջարկը: Ես տեսնում եմ, որ ինչ-որ պատճառներով հայկական կողմը չի շտապում դիմել ՀԱՊԿ-ին: Թե ինչ պատճառներով՝ կարող են տարբեր տեսակետներ լինել: Իսկապես, Հայաստանի Վարդենիսի շրջանի ռազմական օբյեկտների վրա հարձակման փաստն ընդունել է Ադրբեջանը: Այդ առնչությամբ Ադրբեջանի կողմից տրվող բացատրությունները քննադատության չեն դիմանում: Նույն հաջողությամբ կարելի է սպանել ամեն հանդիպածի՝ կասկածելով, որ նա կարող է ձեզ վրա հարձակվել: Բայց այդ դեպքին չի հաջորդել Հայաստանի կողմից դիմումը ՀԱՊԿ:

-Այսինքն, ՀԱՊԿ-ը հիմա սպասում է, որպեսզի Հայաստանը դիմի՞: Մինչև այդ քայլեր չե՞ն լինելու:

-Ես չեմ կարող ասել՝ ՀԱՊԿ-ը սպասում է: Դա կազմակերպություն է, որտեղ մի քանի երկիր է ներգրավված: Եթե Հայաստանը ցանկանում է, որպեսզի ՀԱՊԿ-ը գործի, դրա համար նա գիտի՝ պետք է դիմի ՀԱՊԿ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս