Բնակիչներից խլում են շքամուտքը

Խմբագրություն էին դիմել Սայաթ-Նովա 23 և 25 շենքերի բնակիչները, ովքեր բողոքում էին Երևանի քաղաքապետարանի կողմից ամիսներ առաջ թույլատրված հերթական ապօրինության դեմ, որի պատճառով այսօր բնակիչները կարող են զրկվել փողոց դուրս գալու ամենակարճ ճանապարհից:

Շենքի բնակիչ Արամայիս Մկրտչյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2003թ. իրենց շենքում բնակարան ձեռք բերած Արմեն Օհանջանյանն է սկսել այդ կառուցապատումները: Պարզվում է` շենքի շքամուտքը` 1-ին և 2-րդ հարկերի աստիճանավանդակների հետ միասին, տարիներ առաջ դատարանի վճռով տրամադրվել էր Արմեն Օհանջանյանին: Բնակիչները բողոքել էին դրա դեմ ՀՀ վճռաբեկ դատարան, որը բեկանել էր առաջին ատյանի դատարանի նշյալ վճիռը:

Շենքի բնակիչները նշեցին, որ շքամուտքը փակելու ուղղությամբ Ա. Օհանջանյանի կողմից շինարարական աշխատանքներ են սկսվել, այն դեպքում, երբ շքամուտքը հանդիսանում է շենքի բնակիչների ընդհանուր սեփականությունը: Բնակիչները չեն հասկանում, թե ինչպես կարող էր Երևանի քաղաքապետարանը նման ապօրինություն թույլ տալ` ոտնահարելով բնակիչների իրավունքները:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը ենթակա չէր բեկանման: «Շքամուտքն, ըստ օրենքի` բնակիչների սեփականությունն է, ամեն մարդ իր մի լուման ունի, տասը մետր է, որը բաժանվում է բոլոր բնակիչների մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Արամայիս Մկրտչյանը: Վերջինս նաև պատմեց, որ Օհանջանյանն այժմ շինարարություն է սկսել նաև շենքի մյուս մուտքի մոտ, որտեղ կցակառույց է կառուցել: Մուտքի մեծ մասն, ըստ բնակչի, փակվելու է, մնալու է միայն փոքրիկ մի հատված, որով շատ դժվար կլինի անցնելը:

Բնակիչների բողոքների արդյունքում մի քանի օր առաջ վերջապես դադարեցվել է կցակառույցի շինարարությունը: Սակայն նրանք վստահ չեն, որ ամբողջ այս գործընթացը կդադարեցվի, քանի որ Ա. Օհանջանյանն ունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրված թույլտվությունը: Մեր զրուցակից Արամայիս Մկրտչյանը պատմեց նաև, որ կառուցապատող Օհանջանյանի կողմից նույնիսկ իրեն վախեցնելու փորձեր են արվել, որպեսզի բնակիչները դադարեցնեն բողոքը, տուն են զանգահարում, սպառնում…

«Չգիտեն` ում են վախեցնում: Պատկերացնո՞ւմ եք, ինձ վախեցնում են, ես էլ, իրենց կարծիքով, այնքան վախկոտ մարդ եմ որ, ամբողջ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 7 ջոկատ եմ ունեցել, կռվել եմ, դարձել եմ Շուշիի հերոս…»:

Ըստ բնակիչների` շենքի մուտքը փակելու դեպքում իրենք ստիպված են լինելու փողոց դուրս գալու համար լրացուցիչ տարածք շրջանցել, մինչդեռ նրանցից շատերը թոշակառու են:

Ի դեպ, Սայաթ-Նովա 23 և 25 շենքերի բնակիչները դիմել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, և դիմումն ընթացքի մեջ է: Բնակիչներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմելու են հնարավոր բոլոր միջոցներին, որպեսզի թույլ չտան շենքի մուտքի փակումը և կցակառույցի շինարարությունը: Արամայիս Մկրտչյանը նաև նշեց, որ Ա. Օհանջանյանի այս քայլերի արդյունքում մյուս բնակարանների սեփականատերերը, փաստորեն, զրկվել են ոչ միայն իրենց ընդհանուր սեփականությունից, այլև իրենց բնակարանների լրիվ և կոնկրետ հասցեներից, քանի որ վերացել է թիվ մեկ շքամուտքը, այդ թվում` ցուցանակը:

Տեսանյութեր

Լրահոս