«Ադրբեջանը նոր մարտավարություն է որդեգրել, հատկապես, բարձունքները գրոհելիս` մեծ խտությամբ հետևակի կիրառություն». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, հարավային` ոչ Արաքսի հովիտ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երկու ուղղություններով էլ համառ հարձակումներ են փորձել զարգացնել, ընդ որում, հիմնականում հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում` հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ և հետ շպրտել: Բավականին մեծ են եղել այսօրվա և երեկվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից: Ինտենսիվության կարծես նոր մարտավարություն որդեգրած լինեն, հատկապես բարձունքները գրոհելիս, այն է` մեծ խտությամբ հետևակի կիրառություն, այնպիսին, ինչպիսին տեսել ենք միայն ֆիլմերում: Այս պահին մարտերը շարունակվում են, երեկոյան ժամերին մի փոքր ինտենսիվությունը նվազում է»,-նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին:

«Թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը, հատուկ ուզում ենք շեշտել, որ լեգիտիմացնում է համապատասխան պատասխան քայլերը, այն է` նմանատիպ ռազմական նշանակության թիրախների թիրախավորումը Ադրբեջանի տարածքում»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է հոսպիտալի թիրախավորմանը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դա միջազգային նորմերի կոպիտ խախտում է եւ պետք է դառնա համաշխարհային հանրության ուշադրության առարկան:
Նրա խոսքով, օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվել է օդուժ, սակայն մեծ հաջողության իրենց գործողություններում չեն հասել:

Տեսանյութեր

Լրահոս