«Եթե այլ երկրներ են ճանաչում Արցախի անկախությունը՝ շատ կարևոր է, բայց եթե Հայաստանն է ճանաչում՝ արդեն «տոչկա նեվազվռատա» է». Դավիթ Բաբայան

«Իմ անձնական կարծիքն այն է, որ Արցախի անկախության ճանաչումը շատ կարևոր է, և լավ է, որ այդ գործընթացն ընթանում է։ Այստեղ միակ խնդիրը Հայաստանի կողմից ճանաչումն է, որովհետև մենք այստեղ շատ սառնասրտորեն պետք է մոտենանք։ Այո, շոյում է մեր սրտերը, որ Մայր Հայաստանը մեզ ճանաչի, բայց մենք շատ խորը պետք է վերլուծենք։ Եթե այլ երկրներ են ճանաչում Արցախի անկախությունը, միանգամայն շատ կարևոր է և դրական է մեզ համար, բայց եթե Հայաստանն է ճանաչում՝ ռուսերենով ասած՝ դա արդեն «տոչկա նեվազվռատա» է, մենք ունենալու ենք այլ տարածաշրջան»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։

Նա նաև հավելեց, որ այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է հարցը լավ քննարկվի, նաև եղբայրական երկրների հետ, որպեսզի այնպես չլինի, որպեսզի դա չլինի միակողմանի որոշում՝ առանց եղբայրական երկրներին տեղյակ պահելու։

Նրա կարծիքով՝ չի բացառվում, որ այդ ամենը բերի տարբեր զարգացումների, այդ թվում՝ բացասական։

«Ամեն ինչ պետք է անենք, որ տարբեր երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը, տեսնում եք Ադրբեջանի հիստերիկ ռեակցիան, երբ Ալիևն ասում է, որ կապերը խզելու է բոլոր այն երկրների հետ, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, սա իրենց գործն է։ Կարծում եմ՝ այն երկրները, որոնք պատրաստվում են մեզ ճանաչել, հաշվի են առնում նաև այդ հանգամանքը, եթե նրանք պատրաստ են մեզ ճանաչելու, ուրեմն՝ սա լինելու է մարդասիրության և քաղաքական ինքնագիտակցության բարձր դրսևորում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նա նաև ընդգծեց, որ իրավիճակով ավելի շատ Իրանն ու Ռուսաստանն են մտահոգված, քանի որ պանթուրքիզմի անմիջական թիրախն են։

«Կարծում եմ,  եթե այսպես շարունակվեց, Ռուսաստանը հաջորդ պատերազմն ունենալու է Կուլիկովյան դաշտում։ Նույնը՝ նաև Իրանը, բայց հաշվի առնելով, որ Իրանը վարում է շատ հավասարակշռված քաղաքականություն, երբևէ էմոցիաների տակ չի ընկնում, տեսնում է, որ իր տարածքն են մտնում, իհարկե, պրովոկացիաների չի տրվում, բայց այդ ամենին յուրովի է պատասխանելու։ Համոզված եմ, որ մոտակա ժամանակներս մենք տեսնելու ենք, թե ինչ քայլեր է իրականացնելու պաշտոնական Թեհրանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս