«Ահաբեկիչների կարևոր ռազմական թիրախներից մեկն Արաքս գետի վրա Խուդավերինի կամուրջի մոտակայքում կառուցված ջրամբարն է, որն օգտագործվում է Իրանի կողմից». Դավիթ Բաբայան

«Վերջին օրերին մենք տեսնում ենք շատ վտանագավոր զարգացումներ այս պատերազմի միջազգայնացման կապակցությամբ։ Կանգ առնենք երկու կարևոր հանգամանքի վրա, նախ, մենք տեսանք, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են ՌԴ տարածք, հասել են մինչև Չեչնիա, մի տարածք, որը որևէ սահման չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ։ Մենք ժամանակին տեղեկացրել ենք միջազգային հանրությանը, որ ահաբեկիչների մի մասը տեղակայված է Դաղստանի սահմաններում և, փաստորեն, այդտեղի սահմաններով ներթափանցել են և հասել մինչև Չեչնիա։ Ահաբեկիչներն այնտեղ ոչնչացվել են, և չի բացառվում, որ նրանց տարբեր խմբեր այս պահի դրությամբ լինեն դաղստանյան և հյուսիս կովկասյան  անտառներում պատսպարված։ Մյուս վտանգավոր զարգացումն այն է, որ թուրք-ադրբեջանական-ահաբեկչական այս եռամիասնությունը շատ վտանգավոր քայլեր է ձեռնարկում։ Վերջին օրերի ընթաքում նրանց կարևոր ռազմական թիրախներից մեկը հանդիսանում է Արաքս գետի վրա Խուդավերինի կամուրջի մոտակայքում կառուցված ջրամբարը և նրան տիրանալը»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծեց, որ այդ ջրամբարը բավականին կարևոր է, կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի միջոցներով, և հիմնականում օգտագործվում է Իրանի կողմից։

«Եթե հաշվի առնենք Իրանում էկոլոգիական իրավիճակը, ապա հյուսիսային շրջաններում այն իսկապես տագնապալի է, մենք տեսնում ենք ջրային պաշարների կտրուկ նվազում, իսկ այս ջրամբարն այդ շրջանների համար հանդիսանում է  փրկության մի աղբյուր։ Իհարկե, մեր զինված ուժերը, Պաշտպանության բանակը, կամավորներն այս պահի դրությամբ թույլ չեն տալիս, որպեսզի հակառակորդը որևէ ձևով հասնի իր նպատակին, բայց այդուհանդերձ, սա մի կարևոր թիրախ է, որն այդ ահաբեկիչները փորձում են թիրախավորել։ Չի բացառվում, որ նրանք վնասեն ջրամաբարը և էկոլոգիական աղետ առաջացնեն՝ թիրախավորելով, առաջին հերթին՝ Իրանին»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ ահաբեկիչների մի ստվար զանգված այժմ տեղակայված է Իրանի սահմանամերձ շրջաններում, և չի բացառվում, որ նրանց մի մասը ներթափանցել է հատկապես լեռնային շրջաններ, որոնք սահմանակից են Ադրբեջանի Լենքորանի շրջանին։

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ այս ամենը բերելու է մի նոր բարդությունների, և չի բացառվում, որ էլ ավելի կթեժացնի իրավիճակը տարածաշրջանում։

«Այսպիսով մենք ուզում ենք միջազգային հանրությանը տեղեկացնել բոլոր հնարավոր զարգացումները, և տեղեկացնել՝ ահաբեկչությունը, Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններն ինչպիսի սպառնալիք են տարբեր երկրների համար, մասնավորապես՝ ՌԴ-ի և Իրանի։ Ավելին՝ ըստ մեր տվյալների, ահաբեկիչների մեջ կան Չինաստանի ուլղուրական մի շարք ծայրահեղականներ, որոնք հետագայում, բնական է, փորձելու են վերադառնալ Չինաստանի տարածք և այնտեղ վիճակը ապակայունացնել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս