«Խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլև միակ եղանակն է, որը կապահովի այս խնդրի կայուն կարգավորումը»․ Լավրով

«Մենք պնդում ենք մեր դիրքորոշումը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլև այն միակ եղանակն է, որը կապահովի այս խնդրի կայուն կարգավորումը»,- այս մասին այսօր մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտությունում Թուրքիայի դերակատարմանը։

Նա նշեց, որ Ռուսաստանը համաձայն չէ այն դիրքորոշմանը, որը հնչեցնում է Թուրքիան, որը մի քանի անգամ նախագահ Ալիևն է արտահայտել, և դրանում որևէ գաղտնիք չկա։

«Հայտարարությունն այն մասին, որ կա և հնարավոր է հակամարտության ռազմական լուծում, չենք կարող կիսել։ Ցավոք սրտի, Թուրքիան կարողացավ դա անել և հաստատեց, որ աջակցելու է Ադրբեջանի այն բոլոր գործողություններին, որոնք նա կձեռնարկի այդ հակամարտության լուծման համար, այդ թվում՝ ռազմական։ Մենք շփումների մեջ ենք թուրք գործընկերների հետ։ Այս ճգնաժամի ընթացքում մի քանի անգամ խոսել եմ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, և մենք պնդում ենք մեր դիրքորոշումը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլև այն միակ եղանակն է, որը կապահովի այս խնդրի կայուն կարգավորումը, քանի որ մնացած բոլորը պահպանելու են հակամարտությունը մի փոքր խլացած իրավիճակում, սակայն, եթե չլինի երկարաժամկետ քաղաքական համաձայնություն, ապա որոշումները, որ ինչ-որ ժամանակ ձեռք են բերվել ռազմական ճանապարհով՝ կապացուցեն իրենց անկայունությունը, և ռազմագործողություններ ամեն դեպքում կլինեն»,- ասաց Սերգեյ Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս