Պահանջն է՝ Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և ճանաչել Արցախի անկախությունը. Իտալիայի հայերի ու տեղի կուսակցությունների կոչը

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկան ահաբեկիչներ:

Ինչպես բոլոր երկրների, այնպես էլ Իտալիայի հայ համայնքը բողոքի ակցիաներ է կազմակերպել, մեր հայրենակիցները հանդես են եկել նաև կոչերով:

168.am-ի հետ զրույցում Իտալիայում բնակվող հայ պրոդյուսեր Էդգար Հովսեփյանն ասաց․

 «Միլանում, Թուրինում, Ջենովայում օրեր առաջ բողոքի ակցիա է անցկացվել քաղաքապետարանների դիմաց՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը,  դատապարտել Թուրքիայի՝ ահաբեկիչներ ուղարկելու քայլը: Իսկ հոկտեմբերի 13-ին Հռոմի հայ համայնքը կառավարության շենքի առջև բողոքի մեծ ակցիա անցկացրեց, մասնակցում էր շուրջ 350 հոգի: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հռոմում 600-700 հայ է ապրում, սա բավականին մեծ թիվ է: Պահանջն էր՝ Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և, իհարկե, ճանաչել Արցախի անկախությունը: Մեզ հետ միասին բողոքի ակցիային մասնակցում էին Իտալիայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Իտալիայի նախկին փոխվարչապետ ու ներքին գործերի նախարար, ներկայումս՝ սենատոր, «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին ևս միացել էր Իտալիայում հայերի բողոքի հավաքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի:

Մենք նաև գումարային օգնություն ենք փորձում ցուցաբերել, ինչպես նաև հավաքում և ուղարկում ենք անհրաժեշտ պարագաներ, օրինակ՝ տաք հագուստ մեր զինվորների համար, որը, կարծում եմ՝ ուրբաթ օրն արդեն կլինի Հայաստանում»։

Ազգությամբ իտալացի Կամիլլո Բիանկոֆիորեն, ով ևս ներկա է եղել բողոքի ակցիային՝ հավելեց.

«Ցավոք սրտի, իտալական կառավարությունն անտեսում է Հարավային Կովկասում  տեղի ունեցող պատերազմը: Ինչո՞ւ, որովհետև Իտալիան Ադրբեջանի հետ շահեր ունի, Բաքվից Իտալիա գալիս է նավթը, իսկ շուտով բնական գազի նախագիծ են ներկայացնելու:

 

Ցույցի ժամանակ մեզ հետ միասին ներկա էին կառավարության որոշ կուսակցությունների մի քանի պատգամավորներ, որոնք կարևորում էին հրադադարը և արցախցիների ապրելու իրավունքը ու դատապարտում Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական պահվածքը»:

Տեսանյութեր

Լրահոս