«Սկզբում Լավրովը խոսեց, հետո Շոյգուն, չի բացառվում, որ նրանից հետո մեկ անգամ էլ ՌԴ ղեկավարը խոսի․ Եթե կրկին արդյունք չեղավ, չեմ բացառում, որ ավելի կոշտ միջամտություններ լինեն». Դավիթ Բաբայան

«Իրավիճակն անփոփոխ է, մարտերը սահմանների գրեթե ողջ երկայնքով շարունակվում են։ Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների հանդիպմանը և ձեռք բերված պայմանավորվածությանը, ինչպես նաև հոկտեմբերի 12-ին և 13-ին ՀՀ և ՌԴ արտգործնախարարների, այնուհետև Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին, Դավիթ Բաբայանը նշեց, որ իրականում հսկայական աշխատանք է տարվում և չպետք է թերագնահատել այդ աշխատանքը։

«Այն, որ մեծ աշխատանք է տարվում՝ միանշանակ է, որովհետև սա միայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմ չէ, այլ ավելի մեծ աշխարհաքաղաքական ավանտյուրա է, որտեղ ներգրավված է միջազգային ահաբեկչությունը և այլն։ Հետևաբար՝ աշխատանքներն էլ են համառ, համապարփակ և ծավալուն։ Մենք արդեն տեսնում ենք, թե էվոլուցիան ինչպես է զարգանում, սա ռազմաքաղաքական պայքար է, պատերազմ։ Հիմա քաղաքական որոշումը կա, որ պետք է վերականագնվի զինադադարը և այդ որոշումը ստորագրվի՝ բոլորի համար սա ակնհայտ է։ Ռազմական որոշումը դեռևս հակառակորդը չի պահպանում, սա չի կարող չանհանգստացնել այն երկրներին, որոնք մեծ ջանքեր են գործադրում խաղաղությունն ու կայունությունը վերականագնելու համար, մասնավորապես՝ Ռուսաստանին, նաև այլ երկրներին»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նա նաև ընդգծեց, որ այս ամենի հետևանքները տեսնում է նաև ՌԴ-ն՝ հիշեցնելով, որ օրերս Չեչնիայում ոչնչացվեցին գրոհայիներ, որոնք Թուրքիայից տարվել էին Ադրբեջան, իսկ այնտեղից ներթափանցել Չեչնիա։

«Տարվող աշխատանքների հետ կապված տեսնում ենք էվոլուցիա՝ սկզբում Լավրովը խոսեց, հետո Շոյգուն, չի բացառվում, որ նրանից հետո մեկ անգամ էլ ՌԴ ղեկավարը խոսի։ Եթե կրկին արդյունք չեղավ, չեմ բացառում, որ այս ամենը կանգնեցնելու համար ավելի կոշտ միջամտություններ լինեն»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Դավիթ Բաբայանը ստեղծված իրավիճակի վերջը տեսնում է, քանի որ բոլոր կողմերից իրականացվող քայլերն աստիճանաբար կոշտանում են՝ ուղղված Ադրբեջանի դեմ։

«ՌԴ արտգործնախարարությունը գործառույթները փոխանցեց Պաշտպանությանը նախարարությանը՝ Շոյգուն խոսեց, բնական է, որ սա շատ-շատ լուրջ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս