«Ինչպես նկատում եք, այդքան ոգևորված չեմ, որ ընտրվել եմ Սահմանադրական դատարանի նախագահ». Արման Դիլանյան

«Չեմ ուզում շատ պաթոսային հնչի, բայց իմ կարծիքով՝ մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել և մենք պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ։ Ես ասել էի, որ չեմ ցանկանում լինել ՍԴ նախագահ, իրականում ինձ համար շատ ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը, հիմա էլ եմ այդ կարծիքին։ Ինչպես նկատում եք, այդքան ոգևորված չեմ, որ ընտրվել եմ Սահմանադրական դատարանի նախագահ, որովհետև պատկերացնում եմ, թե ինչ տեսակի պատասխանատվություն է և ինչ տեսակի աշխատանք է մեզ սպասվում»,- այս մասին ՍԴ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը։

Նա լրագրողներին խոստացավ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին կհրավիրի ՍԴ և կպատասխանի բոլոր հարցերին։

Հարցին՝ քանի հոգի է քվեարկել իր օգտին, Արման Դիլանյանը պատասխանեց, որ 6 կողմ ձայն է եղել։

Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի հետ, Արման Դիլանյանը պատասխանեց, որ չկան դժվարություններ, որոնք հաղթահարելի չլինեն, կհաղթահարվի նաև այդ դժվարությունը։

Նա նաև տեղեկացրեց, որ ՍԴ փոխնախագահի հարցին դեռևս չեն անդրադարձել։

«ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարով, այլ ոչ թե 12 տարով, սրա հետ կապված՝ լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնամ։ Ես իմ հայացքները հիմա ուղղում եմ դեպի ապագա, ընդհանրապես գիծ եմ քաշում անցյալի հետ կապված և ուղղում եմ դեպի ապագա, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող Սահմանադրական դատարան»,- եզրափակեց Արման Դիլանյանը։

Տեսանյութեր

Լրահոս