Էնֆիաջյանը հույս ունի, որ Բելառուսը կարձագանքի Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման լուրերին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ։ Այս մասին հայտնեցին Վահե Էնֆիաջյանի գրասենյակից:
Կողմերը անդրադարձել են տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են:
Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվությանը։
ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ և քայլեր: