«Ի՞նչ միասնական մոտեցում. Արցախի մասին կոնկրետ ՀՅԴ-ն ունի իր պատկերացումներն ու մոտեցումները». Իշխան Սաղաթելյան
«Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրեցինք մեր տեսակետները, կարծիքը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի միջև կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հարցին, թե արդյոք միասնական որոշո՞ւմ է լինելու, Սաղաթելյանը պատասխանեց.
«Ի՞նչ միասնական. Արցախի մասին կոնկրետ Դաշնակցությունը ներկայացրել է իր պատկերացումները, մոտեցումները. շատ մանրամասնություններով, դետալներով: Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն, յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր վերաբերմունքը»: Նա հավելեց, որ որոշում չի կայացվել:
Սաղաթելյանը նաև հիշեցրեց, որ ՀՅԴ-ն և ևս 13 կուսակցություն մի քանի օր առաջ հանդես են եկել ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտությամբ.
«Այստեղ Արցախի անկախության հարցի մասին շոշափում եղել է, բայց որոշում ընդունելու տեղ չէր, տեղեկատվական բնույթի հանդիպում էր, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում էր իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի մասին»: