«Հանդիպումը վերջին իրադարձությունների թեմայով էր, դրանից ավելի մանրամասնել, կարծում ենք՝ անիմաստ է». Բաբկեն Թունյանը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ երեկ ԱԺ-ում վարչապետի և խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ արդեն տարածվել է հաղորդագրություն, որտեղ նաև նշված է եղել, թե հանդիպումն ինչ նպատակով է եղել։
«Հանդիպումը վերջին իրադարձությունների թեմայով էր, դրանից ավելի մանրամասնել, թե ինչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ, կարծում ենք՝ անիմաստ է այդ մասին խոսել, որովհետև եթե դա հրապարակային լիներ, ապա հանդիպումը փակ չէր լինի։ Ընդդիմության մեր գործընկերները նույնպես այդ հանդիպմանը ներկա են եղել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Բաբկեն Թունյանը։
Անդրադառնալով հրապարակումներից մեկին, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, սակայն վարչապետն ասել է, որ այս պահին չի կարող հրաժարական տալ, Բաբկեն Թունյանն ասաց, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դրա հետ կապված համապատասխան հրապարակում է արել։
«Այդ հրապարակումը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև կոնկրետ ուղղված է Հայաստանի և Արցախի շահերի դեմ, այդ հրապարակումն ուղարկվել է համապատասխան մարմիններին, որպեսզի դրանով զբաղվեն»,- նշեց Բաբկեն Թունյանը։
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց, որ հանդիպմանը ներկա է եղել, սակայն այն ունեցել է փակ բնույթ։
«Պետք է մեկ բան արձանագրեմ, որ հարցերը շատ էին և, ցավոք, ժամանակը չբավարարեց ամբողջ ծավալով բոլոր հարցերը քննարկելու համար, քանի որ մենք ունենք այսօրեական խնդիրներ և առաջնահերթություններ։ Բնականաբար, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ քննարկում է տեղի ունեցել։ Դրանից ավելի մանրամասներ չեմ կարող հրապարակայնացնել»,– շեշտեց Վահե Էնֆիաջյանը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում էր ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում: