Դեսպան Հեֆֆերնը շնորհավորել է վարչապետին Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնի միջև՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Դեսպան Հեֆֆերնը շնորհավորել է վարչապետին Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ՝ նշելով Հայաստանի զգալի առաջընթացն այդ առումով (18 կետ): Կարևորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել պետական կառավարման համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին և ընդգծել ԱՄՆ կառավարության տեխնիկական օժանդակության կարևորությունը տվյալ ասպարեզում առաջընթացի ապահովման հարցում:
Դեսպանը նաև հիշատակել է հարկերի վճարման և ներդրումների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցի ավարտին դեսպան Ջոն Հեֆֆերնն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը` բարեփոխումների իրականացման և մասնավորապես գործարար միջավայրի բարելավման նպատակով:
Ի պատասխան` վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել համագործակցությունը շարունակելու հայկական կողմի պատրաստակամությունը: