«Դրանք տեղեկություններ են, որոնց ես չեմ տիրապետում». Արծրուն Հովհաննիսյանը` Փաշինյանի և ԱԱԾ-ի հայտարարության մասին

Որքանով է իրականացվել այն նենգ նպատակները, որի մասին այսօր խոսել է ՀՀ վարչապետը և ԱԱԾ-ն:
Ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Դրանք տեղեկություններ են, որոնց ես չեմ տիրապետում: Եթե եղել է նման հայտարարություն, նշանակում է` համապատասխան ծառայությունները, մասնավորապես, ԱԱԾ-ն, հակահետախուզությունը և մյուս ծառայությունները, որոնք այս ոլորտի պատասխանատուներն են, ունեն համապատասխան փաստարկներ և ուրեմն զբաղվում են այդ ուղղությամբ: Եվ շատ կարևոր է, որ բացահայտվել են նման բան պլանավորողները»:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ ՊԲ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել իբրև իշխանությունները հողերը հանձնելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Ըստ հաղորդագրության, հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտնել, թե «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե` «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»»:

Արծրուն Հովհաննիսյանից լրագրողները փորձեցին ճշտել` արդյո՞ք հնարավոր է սահմանի այլ հատվածում նմանատիպ դեպքեր, նա պատասխանեց` ոչինչ չեմ բացառում:

Ըստ նրա, սխրանքների քանակի մեջ դրանք կարող են չերևալ, բայց հատուկ ծառայությունները նրա համար են, որ անգամ նուրբ իրավիճակում գտնեն դավաճանական գործունեություն ծավալած մարդկանց:

Տեսանյութեր

Լրահոս