«Աշխատավարձի խնդրով չպետք է պայմանավորել մեր հաղթանակը». Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն օրերս դիմել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի  խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։

Սրանից զատ, համացանցում տարբեր կարծիքներ են հնչում, որ պատգամավորները, նախարարները և բարձրաստիճան այլ պատգամավորներ առաջիկա ամիսների իրենց աշխատավարձերը և պարգևավճարները պետք է փոխանցեն բանակի ու Արցախի հզորացմանն ուղղված հիմնադրամներին:

Այսօր լրագրողներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցությունը  պատրաստվում է աշխատավարձը փոխանցել բանակին:

«Խմբակցությունն աշխատավարձից ավելի մեծ ներգրավվածություն ունի մեր հաղթանակների կերտման համար: Աշխատավարձի խնդրով չպետք է պայմանավորել մեր հաղթանակը: Դուք նայեք, ամբողջ հայությունը գնալով ֆինանսական աջակցությունը մեծացնում է, և դրա մեջ քաղաքական դիվիդենտներ փնտրել, կամ ձեր հարցի մեջ այդպիսի բովանդակություն դնել, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ  Ռուսաստանի կողմից համարժեք գնահատականներ եղե՞լ են, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ մինչ ՌԴ նախագահի հայտարարությունը շատ կարևոր գնահատականներ են տրվել ՌԴ ԱԳՆ-ի կողմից:

«Շատ կարևոր էր նրանց Արտաքին հետախուզության պետի՝ Նարիշկինի տեղեկատվությունն ահաբեկչական խմբերի մասին։  Վերջին հաշվով, ՌԴ նախագահի գնահատականները ՌԴ-ի և մեր պարտավորությունների մասին շատ կարևոր էր, շատ զսպող են, որպեսզի գայթակղություն չունենա պարոն Էրդողանը, այնուամենայնիվ հրահրի հակառակորդին, իր հրթիռները կոդավորի դեպի Հայաստանի տարածք»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս