«Իսրայելն իրականացնում է ապակայունացնող գործողություններ նաև մեր տարածաշրջանում՝ փաստացի կանգնելով ադրբեջանաթուրքական տանդեմի կողքին». Արաբագետ

Երեկ երեկոյան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինություն տրամադրելն անընդունելի է Հայաստանի համար, հատկապես ստեղծված իրավիճակում։ Այդ պատճառով էլ որոշել են խորհրդակցությունների նպատակով Իսրայելից հետ կանչել ՀՀ դեսպանին։

168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով Իսրայելից ՀՀ դեսպանին հետ կանչելու հայկական կողմի  որոշմանը՝ ասաց, որ սա իրավաչափ քայլ է Իսրայելի ոչ բարեկամական գործողություններին, քանի որ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում կողմերից մեկին սպառազինության տրամադրումը  հակասում է ոչ միայն՝ երկկողմ հարաբերությունների տրամաբանությանը, այլև՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, հատկապես, երբ ռազմական աջակցությունն ուղղված է ահաբեկչական գործելաոճ դրսևորող դերակատարներին։

«Հայաստանը կարող է Իսրայելի ոչ բարեկամական գործողությունները ներկայացնել նաև շատ ավելի լայն միջազգային ձևաչափերում՝ այդ գործողությունները դատապարտելու նպատակով, որի համար բոլոր հիմքերը կան»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Արաբագետը համոզված է՝ եթե Հայաստանն ավելի վաղ ու ավելի խորը հարաբերություններ ունենար Իսրայելի հետ, կկարողանար առնվազն ռազմական գործողությունների ակտիվ փուլում խափանել դեպի Ադրբեջան իսրայելական մատակարարումները։

«Կարծում եմ՝ սա որոշակի առումով մեր բացթողումն է նաև, իհարկե, որևէ կերպ չարդարացնելով Իսրայելի գործողությունները։ Առանց չափազանցության, այդ երկիրն իրականացնում է ապակայունացնող գործողություններ նաև մեր տարածաշրջանում՝ փաստացի կանգնելով ադրբեջանաթուրքական տանդեմի կողքին՝ աջակցելով նրանց ահաբեկչական գործելաոճը, զինելով ահաբեկիչ պետություններին։ Մանավանդ, երբ այս իրողությունն արդեն իսկ ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից։ Բայց և այնպես, կարծում եմ՝ սա Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուների կողմից լուրջ քննարկման թեմա պետք է լինի, թե ինչ մեխանիզմներով սկսեն աշխատել Իսրայելի հետ։ Եթե ցանկանում ենք, որպեսզի հետագայում նման իրավիճակները չկրկնվեն, պետք է փոխել հարաբերությունների ձևաչափը։ Ի վերջո, դեսպանատուն բացելու, երկու երկրների հարաբերությունները որակապես այլ հարթություն տեղափոխելու նպատակներից մեկն էլ նաև այս խնդրի բացառումն էր։ Գուցե դեսպանության կարճատև գործունեության պատճառով հնարավոր չեղավ իրականացնել»,- շեշտեց արաբագետը։

Ինչ վերաբերում է  հարցին, թե արդյո՞ք  հայկական կողմի այս քայլը կստիպի Իսրայելին վերանայելու իր քայլերը՝ Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ Իսրայելը չի վերանայի իր քայլերը, որովհետև այս պահին Իսրայելը բավականաչափ խորը և բազմակողմանի զարգացած հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Ավելին, ըստ մեր զրուցակցի՝ մեծ հավանականությամբ, Թել Ավիվը նման օրհասական պահին այս կարևոր աջակցությունը կվաճառի Բաքվի վրա՝ Իրանի դեմ գործողություններում Ադրբեջանի տարածքում առավել լայն պլացդարմ ստանալու նպատակով, և՝ ոչ միայն։

«Որպեսզի որոշակի փոփոխություն լինի Իսրայելի քաղաքականության մեջ, դա պետք է կոմպենսացվի, որոշակիորեն փոխլրացվի ՀՀ-ի և Իսրայելի երկկողմ   հարաբերություններով՝ փորձելով մշակել տարբեր մեխանիզմներ այդ երկրի տարբեր քաղաքական և իշխանական որոշ շրջանակների վրա ազդեցություն ունենալու նպատակով, հասնելու նրան, որ Իսրայելն առնվազն մտածելու առիթ ունենա նման որոշումներ կայացնելուց առաջ»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Իսրայելից ՀՀ դեսպանի հետկանչումն արդյո՞ք կնպաստի հայ-իրանական հարաբերությունների ավելի խորը զարգացմանն ու համագործակցությանը, հատկապես ստեղծված իրավիճակում։

Անդրադառնալով այս հարցին՝ իրանագետ Գոհար Իսկանդարյանն ասաց, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հայ-իրանական երկկողմ հարաբերությունները գտնվում են բավականին լավ վիճակում։

«Այո, երբ Իսրայելում բացեցին դեսպանատուն, որոշակի խնդիրներ ու կնճիռներ կային, բայց դրա հետ կապված իրականացվել էին բացատրական աշխատանքներ։ Կարծում եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը բավականին ընկալել ու հասկացել էր, որովհետև այսպես շատ լուրջ խնդիրներ մենք այնտեղ չենք տեսել։ Պարզապես պետք է արձանագրենք, որ Իսրայելում ՀՀ դեսպանին հետ են կանչել՝ նախ խորհրդատվության, երկրորդն էլ՝ որպես բողոք՝ Իսրայելից մեծ քանակի զենքի մատակարարումն Ադրբեջանին։ Այսինքն՝ սա է առիթն ու պատճառը»,- ընդգծեց Գոհար Իսկանդարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս