Տավուշի մարզպետը խնդրում է բացառել դպրոցներում անգամ դասաժամի չեղարկումը
Պետության համար այս պատասխանատու և կարևոր պահին, բոլորը պետք է իրենց տեղերում շարունակեն լավագույնս կատարել իրենց աշխատանքը:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով: Խնդրում եմ՝ կրթական պրոցեսին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ` բացառելով անգամ մեկ դասաժամի չեղարկումը:
Միայն կրթության միջոցով մենք կկարողանանք կառուցել հզոր և անպարտելի երկիր, որի համար այս պահին մեր հերոսները կռվում են սահմանին:
Այնպես որ, լինենք մեր բանակի ու պետության կողքին` սա մեր կարևորագույն պարտքն ու պարտականությունն է»,- գրել է Չոբանյանը: