«Պուտինը պատրաստ չէ Էրդողանի հետ համագործակցել Ռուսաստանի «մերձավոր տարածքում» ազդեցության բաշխման հարցում»․ Ahval-ը՝ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին

Չբավարարվելով Թուրքիայի ազդեցությունն Էգեյան ծովի և Արևելյան միջերկրածովյան երկրների վրա տարածելու իր փորձերով, որոնք ավելի դժվար դուրս եկան, քան Լիբիայի և Սիրիայի ցամաքում նմանատիպ ջանքերը, նախագահ Էրդողանն այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցում է Հայաստանի դեմ հակամարտությունում, գրում է Ahval լրատվական կայքը։

Վկայակոչելով ԶԼՄ-ների պնդուներն այն մասին, որ Թուրքիան, ինչպես Լիբիայում դեպքում, հյուսիսային Սիրիայից վարձկաններ է ուղարկել է Ադրբեջան՝ հոդվածագիրը նշում է, որ դրան զուգահեռ վերջինս նաև ադրբեջանցիների շրջանում բորբոքում է պանթյուրքիզմի գաղափարը։

Հոդվածագրի խոսքով՝ Հայաստանի կողքին կանգնած Ռուսաստանն ու Ադրբեջանի կողքին կանգնած Թուրքիան «հազիվ թե թույլ տան կողմերն այնքան հեռու գնալ, որ իրենց ևս ներքաշեն կոնֆլիկտի մեջ, սակայն նման վտանգ կա»։

«Էրդողանն իր նկրտումներում պետք է զգույշ լինի․ Պուտինը պատրաստ չի լինի համագործակցել Թուրքիայի հետ Ռուսաստանի «մերձավոր տարածքում» ազդեցության բաշխման հարցում, ինչպես դա արեցին Սիրիայում և Լիբիայում»,- ընդգծում է հոդվածագիրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Տեսանյութեր

Լրահոս