Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ-2121-ն ու «Ալֆա Ռոմեոն», կան վիրավորներ
Այսօր` հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Մեծամորի բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի:Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 18:30-ի սահմաններում, նշված հատվածում բախվել են Արմավիրի մարզի Զարթունք գյուղի բնակիչ, 59-ամյա Մելքի Գևորգյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 02 ԼՕ 448 համարանիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Հենրիկ Պողոսյանի վարած «Ալֆա Ռոմեո» մակնիշի 29 ՍՕ 906 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներն ու ՎԱԶ-2121-ի ուղևորներ, Զարթունք գյուղի բնակիչներ 42-ամյա Մանուշ Ասատրյանը, 10-ամյա Նարեկ Ասատրյանը և Սիսիան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարվածի արդյունքում ՎԱԶ-2121-ի գազի բալոնը շպրտվել էր վթարի վայրից հարյուր մետր հեռու:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը և Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արմեն Գասպարյանը: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Ոստիկանության Մեծամորի բաժնի հատուկ պահպանման տարածք: