Անհատական դիմումների ինստիտուտի ներմուծումը հեղափոխական էր. Գագիկ Հարությունյան
ՀՀ Սահմանադրական դատարանում անհատական դիմումների ինստիտուտի ներմուծումը որոշ առումով կարելի է գնահատել նույնիսկ որպես հեղափոխական: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Քաղաքացին ինքը դառնում է սահմանադրական իրավահարաբերություննների սուբյեկտ, կարողանում է հասնել այն բանին, որ օրենքի ինչ-որ դրույթ դադարում է գործել և մյուսների համար իրավունքի խախտման պատճառ դառնալ»,- ասել է Գ.Հարությունյանը:
ՍԴ նախագահը կարևորել էոր ամեն քաղաքացի այսօր օրենքի նկատմամբ հսկողության լիազորություն է ստանում և կարողանում է իրացնել, ավելին՝ քաղաքացին ընդհուպ կարողանում է անմիջական ժողովրդաիշխանության գործառույթ իրականացնել: Վերջին մոտ 4 տարում 56 գործերով ՀՀ ՍԴ-ն օրենքների դրույթները ճանաչել է հակասահմանադրական, և բոլոր դիմողները հիմնականում եղել են քաղաքացիներ:
«Ինստիտուտի ներմուծումը շատ լավ էր, բայց ինչ-որ տեղ կիսաքայլ եմ համարում, որովհետև շատ երկրներ առաջ են գնացել՝ անմիջական իրավունքների պաշտպանության խնդիրն է լուծվել, բոլոր ակտերի սահմանադրականության խնդիրն է լուծվել՝ քաղաքացու դիմումի հիման վրա: Մենք մի քիչ վախվորած լուծում ենք գտել, բայց հուսով եմ առաջիկա զարգացումները նաև այստեղ նոր մոտեցումներ կորդեգրեն»,- ասել է Գ. Հարությունյանը: