Բաժիններ՝

Carrefour-ը մրցակից կդառնա՞ հայաստանյան սուպերմարկետներին

Ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի բաժնետոմսերի գները 6%-ով աճել են այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել, որ ընկերությունը 2մլրդ եվրոյով  վաճառում է իր ցանցը Կոլումբիայում: Այդ մասին տեղեկացնում է France Press գործակալությունը: Ընկերության տրամադրած տեղեկության համաձայն, Կոլումբիայում 12 ամսվա ընթացքում (մինչև 2012 հունիսի 30-ը) ընկերությունը վաստակել է 1.5 մլրդ եվրո:

Carrefour-ը հայտարարել է, որ իր 72 հիպերմարկետները, 16 ոչ մեծ խանութները, ինչպես նաև՝ 4 մանրածախ առևտրի կետերը վաճառում է չիլիական Cencosud խմբին:

Carrefour-ը հանդիսանում է աշխարհում երկրորդ մանրածախ առևտրային ցանցը Walmart-ից հետո: Կազմակերպությունը վերջին տարիներին մի շարք տարածաշրջաններում ակտիվորեն կրճատում է իր խանութների ցանցը:

2012 օգոստոսի վերջին ցանցը հայտարարել էր, որ նախատեսում է դուրս գալ Սինգապուրյան շուկայից, որտեղ նա բացել էր իր առաջին հիպերմարկետը: Ավելի վաղ նա լքել էր հունական շուկան: 2009-ին կազմակերպությունը նախատեսել էր դուրս գալ նաև ռուսական շուկայից, սակայն չկարողացավ վաճառել իր խանութների ցանցը:

Վերջին ժամանակներում Carrefour-ը ցուցադրում էր ոչ այնքան դրական ֆինանսական արդյունք: 2011թ. կազմակերպությունը նվազեցրել է իր եկամտի  ցուցանիշը 14.3%-ով՝ հասցնելով մինչև 371 մլն եվրոյի:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբեր ամսին մայրաքաղաք Երևանում բացվելու է ֆրանսիական Carrefour  ընկերության առաջին սուպերմարկետը: Վաճառակենտրոնն ունենալու է 10.000 քմ տարածք՝ Dalma Garden Mall առևտրի կենտրոնում: Նշենք, որ Carrefour-ը նախատեսում է փոխել իր գործունեության ռազմավարությունը՝ կենտրոնանալ այն շուկաների վրա, որտեղ ինքն ունի կամ նախատեսում է գրավել առաջնային դիրքեր: Հայաստանում սուպերմարկետ հիմնադրելը կարող է անուղղակիորեն վկայել այն մասին, որ ընկերությունը հայկական շուկայում մտադիր է զբաղեցնել առաջնային դիրքեր։ Եթե դա այդպես է, ապա հայկական սուպերմարկետներին թեժ մրցակցություն է սպասվում։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս