ԼՂՀ-ում կհիմնադրեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից:
Բակո Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի առկայությունն Արցախում հանդիսանում է ինտելեկտուալ ոլորտում ներդրումների լավագույն տարբերակներից մեկը, որը մեծ խթան կհանդիսանա հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման համար:
Նա ընդգծել է, որ այս նախագիծը նաեւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսեվորում է:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը։