Խոշոր չափերի յուրացման գործի քննությունը նորից հետաձգվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի յուրացման գործով այսօրվա նիստը նորից տեղի չունեցավ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի բացակայության պատճառով: Արդեն 4-րդ անգամ է, որ դատական նիստը հետաձգվում է ամբաստանյալի առողջության վատթարացման պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ դատարանում ստացված գրության՝ վերջինս «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացիոնար բուժում է ստանում:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ամբաստանյալի պաշտպան Հովիկ Արսենյանը, իր պաշտպանյալը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, այդ թվում՝ խրոնիկական հիպերտոնիա, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտ-թոքային անբավարարություն: Ս. Աղազարյանի առողջական վիճակը, պաշտպանի գնահատմամբ, «ծայրահեղ ծանր» է:
Պաշտպանը նպատակահարմար չի համարում պաշտպանյալի բացակայությամբ դատաքննություն անցկացնելու տարբերակը. ամբաստանյալը ցանկանում է մասնակցել դատաքննությանը:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճռով Սիմոն Աղազարյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Դատարանը հիմնավորված էր համարել մեղադրանքը, ըստ որի «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Աղազարյանը իր կարգադրիչ լիազորություններն իր անձի օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու նպատակով, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2006-2008թթ. Բյուզանդի 9 հասցեում կառուցվելիք բազմաբնակարան շենքից անշարժ գույք վաճառելու նպատակով, 65 քաղաքացիների հետ անշարժ գույքի նախնական առուվաճառքի, փոխառության և ներդրումային համագործակցության մասին պայմանագիր կնքելով, արտերկրից ստացել է 273.420.511 ՀՀ դրամ գումար, ընդհանուր հավաքագրել է 3.300.005.191 ՀՀ դրամ գումար, որից նպատակային ծախսել է 1.784.209.294 ՀՀ գումար, իսկ 1.324.982.397 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:
Գործը դատարանում քննվում է ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի պաշտպան Հովիկ Արսենյանի բողոքի հիման վրա, որով պաշտպանական կողմը միջնորդում է ամբաստանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ կամ նրան դատապարտել պայմանական ազատազրկման: