«The HALO Trust»-ի գործունեությունը կենսական նշանակություն ունի Արցախի համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։
Երկրի ղեկավարը շնորհավորել է «The HALO Trust» արցախյան ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով Արցախում կազմակերպության կողմից կարևորագույն առաքելության իրականացման գործում: Հանրապետության նախագահի խոսքով՝ կառույցի գործունեությունը կենսական նշանակություն ունի Արցախի համար, քանի որ այն գնահատվում է ոչ միայն ականազերծված տարածքների չափով, այլ այն բազմաթիվ խաղաղ բնակիչների փրկված կյանքերով, որոնք ծրագիրը չգործելու պարագայում կարող էին դժբախտ պատահարի զոհ դառնալ:
Նիկ Սմարթը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության և կառույցի ու պետական համապատասխան մարմինների միջև ստեղծված համագործակցության բարձր մակարդակի համար:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։