Ստամբուլյան կոնվենցիան՝ Փաշինյանի «այցեքարտ»

Հետևելով ներհայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ աստիճանաբար համոզվում ենք, որ օրվա իշխանությունների համար գլխացավանք հանդիսացող և կոկորդին մնացած հարցերից մեկի հետ կապված, կարծես թե քաղաքական որոշում է կայացվել, և այն առաջիկայում միս ու արյուն կստանա․ այդ թեման Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դարձել էր նրա իշխանության համար պատուհաս։

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունը կոշտ քննադատության է ենթարկվում, կապված է տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն վավերացնելու, ապա նաև՝ հանրային կյանքում իրագործելու համար վերջնականապես կյանքի կոչելու  համար։

Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն չի համապատասխանում մեր Սահմանադրության որոշ հոդվածների։ Առաջին հայացքից նշվում է, թե այն ծառայելու է կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների, հավասար հասարակության ստեղծելու և այլ գլոբալիստական գաղափարների իրականացման, սակայն այն, ըստ էության, միտված է ծառայելու ԼԳԲՏ-ների իրավունքներին, գրանցելու նրանց ամուսնությունը, օժանդակելու երեխա որդեգրելուն և այլ՝ ավանդական հասարակությունների կողմից անընդունելի մի շարք հոռի բարքերի ներդրմանը։

Հարկ է նշել, որ հիշյալ կոնվենցիան պրոպագանդողները, որպեսզի գործնականում հաջողություն գրանցեն, հատուկ թիրախավորում են հիմնականում գյուղական համայնքների երեխաներին, նրանց համար ամառային դպրոցներ ու դասընթացներ են կազմակերպում և, օրինակ, «Մաթեմատիկա», «Օտար լեզու» առարկաների անվան տակ բոլորովին այլ բան քարոզում:

Հիմա փորձենք այս ամենը դիտարկենք մանիպուլյացիոն քաղաքականության տեսանկյունից և կհամոզվենք, որ առաջիկայում հայ հասարակությանն իրականում բավականին լուրջ մարտահրավերներ են սպասվում։

Տարբեր առիթներով հաճախ ենք լսում կամ կարդում, որ այս կամ այն հարցում կիրառվել է «Օվերտոնի պատուհանի» մեթոդը, սակայն համոզված եմ, շատ քչերը գիտեն, թե ինչի մասին է խոսքը, և ինչ ասել է այդ չարաբաստիկ «պատուհանը»։

Ըստ էության ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ  Օվերտոնը (Օվերտոնի պատուհանի գաղափարական հայր) բացահայտել և նկարագրել է, թե ինչպես կարելի է հասարակության համար բացարձակ օտար ու մերժելի գաղափարները վեր հանել, վերափաթեթավորել և հետևողականորեն, բայց գրեթե աննկատ ու քիչ չափաբաժիններով, ի վերջո, փաթաթել հանրության վզին՝ ամեն կերպ նրան համոզելով, որ գործ ունի բացարձակ ճշմարտության հետ, և, որ հենց դա է այն ուղին, որով պետք է շարժվել առաջ։ Այս տեխնոլոգիայի կիրառմամբ հասարակության համար անթույլատրելի երևույթը հասցվում է գործնական քաղաքականության մակարդակ, ամրագրվում օրենքով և դառնում ենթակա՝ պարտադիր կատարման:

Այս գործընթացում շատ կարևոր է այնպես անել, որպեսզի հանրությունը չզգա ներդրվող գաղափարի վտանգավորությունը։ Այսինքն՝ զոհի համար պետք է աննկատ մնա իր վրա աստիճանաբար գործադրվող ճնշումը։ Հիմա փորձենք կոնկրետ մի դեպքով ներկայացնել «Օվերտոնի պատուհանի» կիրառումը հայաստանյան այսօրվա իշխանությունների կողմից։

Եթե ասվածը համեմատենք և զուգադրենք «Օվերտոնի պատուհանի»  հետ, ապա ներկայումս մենք պատուհանի վերջին փուլում ենք: Բանը հասել է նրան, որ հայտնիություն ու վստահություն ունեցող մարդը, տվյալ դեպքում` Նիկոլ Փաշինյանը, հռետորական հարց է բարձրացնում` «արդյոք համասեռամոլները մա՞րդ են, թե՞ ոչ»:

Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում իշխանությունները մտադիր են  Կոնվենցիան վավերացնելու նպատակով այն քննարկել խորհրդարանում, և հենց այս թեմայի հետ անմիջականորեն առնչվող մի առանցքային դրվագ դիտարկենք։

Օրերս հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ողբերգություն, երբ ընտանիքում տեղի ունեցած ծեծի արդյունքում 6-ամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։ Ինչ խոսք, տեղի էր ունեցել ողբերգալի իրադարձություն, սակայն այստեղ չտրվելով զգացմունքայնությանը՝ իրավիճակը դիտարկենք սթափ ուղեղով։ Երեխայի մահվան լուրից հետո արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչների «սթաֆը» լծվեց երևույթի դատափետման ու հարցի շահարկման գործընթացին։

Գրեթե կասկած չկա, որ Խաշթառակի դեպքը, որը շատ ցավալի դեպք է, արդեն որոշ ժամանակ անց իշխանության համապատասխան կառույցներն ու սատելիտ «փորձագետ-հոգեբանները», ինչպես նաև «իրավապաշտպանները» փորձելու են նաև քարոզչական իմաստով օգտագործել՝ Ստամբուլյան կոնվենցիան առաջ բերելու համար։

Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի բաղկացուցիչ մաս է համարվում Լանզարոտեի կոնվենցիան, որը դեռևս մայիսին ԱԺ-ն վավերացրեց։

Ի դեպ, այս առիթով բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացվեցին տարբեր մասնագետների և ընդհանրապես լայն հանրության կողմից։ Հավելենք, որ Կոնվենցիան այն վավերացրած պետություններին պարտադրում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին:

Այն հակաազգային քաղաքականությունը, որը գրեթե բոլոր ոլորտներում իրականացնում են Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը, ևս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք մի հավաքականի հետ, ում վերջնական նպատակը հայ ազգի արժեհամակարգային ողջ պաշարը հնարավոր բոլոր մեթոդներով մսխելն է։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս