«Ճիշտն ասած՝ բարեգործական հեռուստատեսությունը նոնսենս է»

Հայաստանը իրավական պետություն չէ և ցանկացած մարդ, ըստ էության, քաղաքական հայացքների համար իշխանությունների կողմից կարող է ստանալ քրեական հարցագործի պիտակը, և, ցավոք, ցանկացած հանցագործ կարող է իրեն քաղաքական հետապնդումների զոհ ներկայացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումներին:

«Սա մեր իրավական իրողությունների արդյունքն է: Մեծ հաշվով, արտգործնախարար լինելու փաստը չի կարող զանցանք կատարելու դեպքում մարդուն պաշտպանել հատուցումից: Բայց սա օրինավոր երկրների մասին է: Այստեղ անպատիժ են մնում շատերը, ովքեր իրականում պատժի են արժանի: Մյուս կողմից՝ խնդիրներ կան ֆինանսավորման հետ կապված: Ես որքան հասկանում եմ, «Սիվիլիթասի» ներկայացուցիչները պնդում են, որ շնորհիվ Հանթսմաններից ստացած գումարների` Հայաստանում բացվեց առաջին անկախ հեռուստատեսությունը:

Ճիշտն ասած՝ բարեգործական հեռուստատեսությունը նոնսենս է: Անգամ, երբ չկա գովազդ, միևնույն է` այդ հեռուստատեսությունն աշխատում է կոնկրետ մարդու քաղաքական իմիջը բարձրացնելու համար: Բոլոր դեպքերում, եթե ոչ ֆինանսական ակնկալիքներով ներդրում է, քաղաքական ակնկալիքներ կան սրա մեջ: Այս տեսանկյունից ես խնդիր տեսնում եմ: Այլ հարց է, որ օրենքի կիրառումն ընտրողական է կատարվել, ու տվյալ դեպքում՝ այս պատմության մեջ չկա իրավացի ու մեղավոր կողմ: Որպեսզի այդպիսիք լինեն, Հայաստանը պետք գա իրավունքի դաշտ ու ունենա երկրի սահմանադրության իրական երաշխավոր»,- եզրափակեց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս