Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդունեց կարանտինը խախտած եվրակոմիսար Հոգանի պաշտոնաթողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ընդունել է առեւտրի եվրակոմիսար իռլանդացի Ֆիլ Հոգանի պաշտոնաթողությունը, որը խախտել է կարանտինն Իռլանդիա կատարած մասնավոր ուղեւորության ժամանակ, ինչը մեծ սկանդալ է հարուցել այդ երկրում:

Ինչպես նա օգոտոսի 27-ին Բրյուսելում հայտնել է լրագրողներին, առեւտրի եվրակոմիսարի պարտականությունները ժամանակավորապես դրված են Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ, Լիտվայի ներկայացուցիչ Վալդիս Դոմբրովսկիսի վրա:

«Ես ծանուցում եմ ստացել առեւտրի եվրակոմիսարից պաշտոնաթող լինելու՝ նրա որոշման մասին: Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել նրան Եվրահանձնաժողովի ներկայիս եւ անցյալ կազմերում աշխատանքի համար,- հայտարարել է ֆոն դեր Լյայենը:- Մենք ծանր համավարակ ենք ապրում, որի պայմաններում ես բոլորից ակնկալում եմ կարանտինային սահմանափակումների հաստատուն պահպանում»:

«Այժմ Իռլանդիայի կառավարությունը պետք է նշանակի նոր թեկնածուի (եվրակոմիսարի պաշտոնում): Ես Իռլանդիայի կառավարությանը խնդրում եմ առաջարկել երկու թեկնածություն՝ տղամարդու եւ կնոջ: Առեւտրի եվրակոմիսարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը»,- եզրափակել է նա:

Հոգանը դարձել է խոշոր սկանդալի ֆիգուրանտ, սկանդալ, որն իռլանդական մամուլում ստացել է «Գոլֆգեյն» անվանումը: Եվրակոմիսարը մասնակցել է խորհրդարանական գոլֆ-ակումբի գալա-ընթրիքին, որը կայացել է օգոստոսի 19-ին Իռլանդիայի Քլիֆդեն քաղաքում:

Միջոցառումը, որին մասնակցել է 81 մարդ, կոպտորեն խախտել Է կարանտինի կանոնները՝ կապված հասարակական ժողովների անցկացման հետ: Օգոստոսի 21-ին Իռլանդիայի գյուղատնտեսության նախարար Դարա Քալիրին, որը նույնպես եղել Է միջոցառման հյուրը, պաշտոնաթող է եղել, նրա օրինակին է հետեւել սենատոր Ջերի Բաթիմերը: Ավելի ուշ իռլանդական մամուլում հայտնվել են հաղորդումներ այն մասին, թե մինչեւ Քլիֆդեն ժամանելը եվրակոմիսարը կատարել է մի քանի մասնավոր ուղեւորություններ երկրում, ներառյալ կարանտինով փակ Քիլդերի կոմսություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս