Բաժիններ՝

«Մեզ դիմած անձինք նշում են, որ իրենց կողմից կատարվել են ծախսեր, սակայն պետության կողմից փոխհատուցում չեն ստացել». Փաստաբանը՝ կորոնավիրուսով վարակված անձանց ծախսերի մասին

«ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Սյուզաննա Խչեյանը այսօր փաստաբանների պալատում ներկայացրեց կորոնավիրուսի իրավական հետևանքների,  կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների,  շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման հարցերով իրավական աջակցության վերաբերյալ մանրամասները։

Ըստ փաստաբանի, իրենց դիմած վստահորդների  հայտնած տեղեկություններից և տրամադրված փաստաթղթերից  պարզ է դարձել, որ պետական մարմիններն իրենց վրա դրված պարտականությունների կատարման հարցում թերացել են կամ չեն կատարել։

«Մասնավորապես, անձանց մոտ կորոնավիրուսով վարակի կասկածի կամ առկայության հայտնաբերման դեպքում իրականացվում է  անձանց մեկուսացում կամ հոսպիտալացում։ Անհրաժեշտության դեպքում տրվում է ինքնամեկուսացման հրահանգ։ Այդ հրահանգը տրվում է Առողջապահության նախարարության կամ Առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմնի անունից, համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, որը կարող է ձևակերպվել նաև գրավոր։ Ինքնամեկուսացում կիրառելու նպատակով անձանց հայտնաբերումը,  ինքնամեկուսացման կամ ազատ տեղաշարժման սահմանափակման վերաբերյալ հսկողությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, որի ժամանակ համապատասխան նախարարության իրավասու աշխատակիցները տվյալների կենտրոնից ստանում են ինքնամեկուսացման և ինքնամեկուսացման ենթակա անձանց վերաբերյալ տվյալներ»,- նշեց Սյուզաննա Խչեյանը։

Նրա խոսքով՝ իրենց գրասենյակի  ստացած տեղեկություններն ու փաստերը, որոնց տիրապետում են, վկայում են, որ արտակարգ դրության ժամանակ իրավական ռեժիմը պահվող միջոցառումն իրականացնելիս պետական մարմինները կամ դրանց աշխատակիցներն իրենց գործառույթներն ու պարտականությունները ոչ պատշաճ ձևով են կատարել։

«Մեզ դիմած անձինք նշում են, որ իրենց կողմից կատարվել են ծախսեր, սակայն պետության կողմից որևէ փոխհատուցում չեն ստացել։ Ինքնամեկուսացման մեջ գտնվող և ինքնամեկուսացման ողջ ժամանակահատվածում պետությունը որևէ աջակցություն չի տվել, և եթե չլինեին նրանց հարազատներն ու բարեկամները, ապա կարող էին սովից մահանալ։ Մեր վստահորդները պնդում են, որ ինքնամեկուսացման ողջ ընթացքում պետական գերատեսչություններից միայն զանգահարել ու ճշտել են, թե արդյո՞ք պահպանում են սահմանված արգելքները։ Մեր գրասենյակում նաև դեպք է արձանագրվել, երբ կորոնավիրուսից մահացած անձի 7 հոգանոց ընտանիքի անդամներից թեստավորել են ընդամենը երկուսին, որոնց մոտ պատասխանը դրական է եղել»,- հավելեց փաստաբանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս